Տարեկան ժողով. Հաշվետվություններ, քվեարկություններ, մարտահրավերներ

2016-07-07

Հունիսի 8-ից 30-ը հստակ ժամանակացույցով, ընդհանուր, հագեցած օրակարգով ընթացան “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ անդամ-փայատերերի տարեկան ընդհանուր ժողովի տարածաշրջանային  նիստերը ՀՀ 7 մարզերում՝  Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն, Վայոց Ձոր, Սյունիք, Տավուշ,  ուր կառույցն ունի մասնաճյուղեր կամ ներկայացուցչություն:

Տարեկան ընդհանուր ժողովները ավանդաբար դարձել են հաշվետվությունների յուրատեսակ հանգրվան, հարթակ՝ կազմակերպության շահառուների համար, որտեղից նրանք բարձրաձայնում են իրենց մտահոգող խնդիրների և մարտահրավերների մասին, որպես կոոպերատիվի լիիրավ անդամ, ձայնի իրավունքով քննարկում և քվեարկում կառույցի լիազորության շրջանակներում արծարծվող յուրաքանչյուր հարց և որոշում: Դրանք ի մի են բերում կոոպերատիվ կառույցի ընդհանուր շահերը և հետաքրքրությունները, մտահոգությունները, տեսանելի դարձնում այն խոչընդոտները և արգելքները, որոնք կաշկանդում են  բիզնես–ձեռնարկումների զարգացմանը, ագրոոլորտում տնտեսվարման և կառավարման արդյունավետ ներդրմանը ու ծավալմանը: Այստեղ անդամ- փայատերերը մրցակիցներ չեն, այլ թիմակիցներ, նրանք միմյանց են հաղորդում նաև իրենց   ուսանելի փորձը, գիտելիքները, ներկայացնում հաջողակ ձեռնարկումները, ծանոթանում գյուղատնտեսության զարգացման միտումներին, գտնում նոր գործընկերներ, տեղեկանում ֆինանսավարկային, իրավաօրենսդրական ոլորտները համակարգող փաստաթղթերի պահանջներին, վարկային գործառույթների առաձնահատկություններին, վերստին արժևորում խելամիտ վարկավորման անհրաժեշտությունը:

Մինչև օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն  անցնելը, “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը ներկաներին առաջարկեց դիտել ամերիկյան “Ֆարմ Կրեդիտ” համակարգի մասին պատմող ճանաչողական տեսահոլովակը, նշելով, որ տարին հոբելյանական է կառույցի համար, լրացավ վերջինիս ստեղծման 100-ամյակը: Կազմակերպություն, որի մոդելի  տարրերից դրվել են նաև իրենց կառույցի հիմքում և այս առումով անուրանալի է ԱՄՆ-ի գյուղդեպերտամենտի աջակցությունը հայկական կողմին:

Համառոտ ներկայացնելով համագործակցության և “Ֆարմ Կրեդիտ Արմենիայի” կայացման նախապատմությունը, գլխավոր գործադիր տնօրենը հանդես եկավ 2015թ. կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ: Հաշվետու տարեշրջան-ժամանակամիջոցի համար իբրև կարևոր, հիմնական իրադարձություններ նշվեց, որ անդամ-փայատերերի թիվը աճել է մոտ 830-ով հասնելով՝ 5220-ի: Վարկային պորտֆելը աճել է 7 տոկոսով՝ կազմելով 7.9 մլրդ ՀՀ դրամ: Ընդհանուր կապիտալը աճել է 6,3 տոկոսով ՝ կազմելով ավելի քան 1.3 մլրդ ՀՀ դրամ:

Գրանցվել է “Ֆարմ Կրեդիտ Արմենիայի” “Սիսիան” մասնաճյուղը և ներկայումս գործում է 8 գրասենյակ: Իրականացվել է 27 ուսուցում՝ ամբողջ անձնակազմի մասնակցությամբ:

Տարեցտարի ընդլայնելով սպասարկման ցանցը, կազմակերպությունը հավատարիմ է մնացել իր հիմնական առաքելությանը` նպաստել գյուղական համայնքներում կյանքի որակի բարելավմանը, օժանդակել գյուղատնտեսական բիզնեսի զարգացմանը, ֆերմերային  տնտեսությունների հզորացմանը, կոոպերատիվ կառավարման սկզբունքների արմատավորմանը գյուղատնտեսության ոլորտում: Առ այսօր կառույցի միջոցով գյուղական համայնքների շահառուներին է տրամադրվել շուրջ 22.5 մլրդ ՀՀ դրամի վարկեր և լիզինգ: Ընդ որում, հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրության դիվերսիֆիկացիայի առանձնահատուկ նշանակությունը, կազմակերպությունը վարկեր է տրամադրել ոլորտի արտադրական, սպասարկող բոլոր ճյուղերին և ծառայություներին, հաշվի առնելով նաև գյուղական համայնքներում գյուղատնտեսական ենթակառուցվածքների առկաության կարևորությունը: Վարկային պորտֆելում առայժմ իհարկե իշխող դիրք ունեն տավարաբուծության և ջերմոցային տնտեսության հատկացումները, որոնք համապատասխանաբար կազմում են 30 և 14,5 տոկոս:

Խոսելով գալիք քայլերի և մարտավարության մասին, գլխավոր գործադիր տնօրենը ներկայացրեց գործընկերային հարաբերությունների անցած ճանապարհը, կառույցի համագործակցությունը մի շարք միջազգային հեղինակավոր ֆինանսավարկային, բանկային,գյուղական համայնքներում կենսակերպի բարելավմամբ և գյուղոլորտի զարգացմամբ շահագրգիռ կազմակերպությունների և ծրագրերի հետ: Մասնավորապես նշվեց գերմանական KFW և նրան առնչակից EFSE ֆինանսական կառույցների հետ բանակցային գործընթացի հեռանկարները:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ի անդամագրություններին, որը ներկայացրեց գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/գործառնական տնօրեն/ Մուշեղ Պետրոսյանը: Նշվեց, որ ,,Ֆարմ Կրեդիտ Արմենիա,, վարկային կոոպերատիվին անդամագրվելու համար  01.03.2015թ. –ից մինչև 31.03.2016թ. ՀՀ 7 մարզերից դիմել են 971 քաղաքացիներ և իրավաբանական անձինք, որոնք վարկավորվել են կազմակերպության կողմից: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ բոլոր դիմորդները բավարարում են կառույցի կանոնադրական անդամության չափանիշներին, ընդ որում նրանց կողմից վճարված են սահմանված անդամավճարները: Բաց քվեարկությամբ, միաձայն հաստատվեց  առաջարկությունը և 386 քաղաքացիներ և իրավաբանական անձինք Արմավիրի, 331-ը Արարատի, 84-ը Վայոց ձորի, 62-ը Սյունիքի, մնացյալը մարզային մյուս մասնաճյուղերից դարձան կառույցի անդամ-փայատերեր՝ ստանալով համապատասխան հավաստագրեր:

Օրակարգի հաջորդ երկու հարցերը, որ ներկայացրեց կազմակերպության ներքին աուդիտի բաժնի ղեկավար Մեսրոպ Ավագյանը, ուղղակիորեն ածանցվում էին նախորդից: Նշվեց, որ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ի անդամ- փայատերերի կողմից 31.03.2016թ. դրությամբ որպես փայամասնակցություն և անդամավճար վճարած գումարների չափով կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրման և համապատասխանաբար անդամ-փայատերերի փայամասնակցության չափով ավելացման հանգամանքից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել լրամշակել և փոփոխել կանոնադրական 2.1 կետը և քվեարկությամբ ամրագրել դրանք: Քվեարկությամբ, առանց դեմ կամ ձեռնպահ կողմերի, ներկաները հաստատեցին ներկայացված դրույթները:

Կազմակերպության ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ կառույցի գլխավոր հաշվապահ Լուսինե Պապյանը՝ հանգամանորեն, թափանցիկ ներկայացնելով ակտիվների աճի դինամիկան, կապիտալում արձանագրված փոփոխությունները, ծախսերի և շահույթի հաշվեկշիռը, ինչպես նաև “Գրանթ Թորոնթոն” ՓԲԸ-ի կողմից իրականացված արտաքին աուդիտի դրական եզրակացությունը: Կառույցի ֆինանսական գործառույթների արժանահավատությունը փաստեց ևաև հիշյալ ընկերության ներկայացուցիչ Քնար Պետրոսյանը:

Բոլոր մասնաճյուղերում տարածաշրջանային նիստերի մասնակիցները քվեարկությամբ հաստատեցին ներկայացված ֆինանսական հաշվետվությունը ինչպես նաև հավանություն տվեցին հերթական աուդիտը նորից ,,Գրանթ Թորոնթոն,, ընկերության կողմից իրականացնելու առաջարկին:

Տարածաշրջանային նիստեր անցան մարզերը ներկայացնող  դիտորդ խորհրդի անդամներ Արտավազդ Խաչատրյանի /Արմավիրի մարզ/, Ավագ Ադամյանի /Արարատի մարզ/, Էդվարդ Պետրոսյանի /Վայոց ձորի մարզ/, Ավետիք Ղուկասյանի /Արագածոտնի մարզ/, Մանսուր Խաչատրյանի /Կոտայքի մարզ/, Ռաֆիկ Օհանյանի /Տավուշի մարզ/ակտիվ մասնակցությամբ, կոոպերատիվի անդամ-փայատերերին ուղղված միակամության, ընդհանուր շահերին և նպատակներին հետամուտ լինելու բարձր գիտակցությամբ Սյունիքի տարածաշրջանում նիստին մասնակցում էր և ելույթ ունեցավ դիտորդ խորհրդի նախագահ Սերյոժա Հայրապետյանը:
Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, ողջունելով մասնակիցների ակտիվությունը, նշեց, որ կառույցի կառավարման բարձրագույն մարմին փայատերերի ընդհանուր ժողովը իրականացնում է ՀՀ օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ վերապահված լիազորությունները և կան օրախնդրի մի շարք հարցեր, որոնց լուծումը պայմանավորված է երկրի ընդհանուր սոցիալ- տնտեսական   իրավիճակով, տարվող քաղաքականությամբ, մարտավարությամբ և կազմակերպության ղեկավարությունը  ամեն կերպ փորձում է կառավարության տեսադաշտում պահել կազմակերպության առջև ծառացած հիմնահարցերը՝ ակնկալելով պետական աջակցություն:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...