
Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն սույն թվականի նոյեմբեր ամսին կթողարկի սոցիալական պարտատոմսեր՝ կայուն ֆինանսավորման զարգացման ուղղությամբ: Թողարկումը միտված է լինելու ֆինանսական ներառականության ընդլայնմանը, գյուղատնտեսության զարգացմանը և Հայաստանի գյուղական համայնքներում տնտեսական հնարավորությունների խթանմանը։ Sustainable Fitch-ը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք (Second-Party Opinion, SPO) Ընկերության սոցիալական պարտատոմսերի շրջանակի վերաբերյալ՝ դրա ընդհանուր համապատասխանությունը գնահատելով որպես`Գերազանց (Excellent) https://www.sustainablefitch.com/banks/farm-credit-armenia-uco-cc-second-party-opinion-26-10-2026 Գնահատման համաձայն՝ շրջանակը համապատասխանում է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի (ICMA)՝ 2025 թվականի սոցիալական պարտատոմսերի սկզբունքներին (Social Bond Principles 2025)։
Սոցիալական ազդեցությանն ուղղված ֆինանսավորում
Սոցիալական պարտատոմսերի շրջանակի ներքո ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել համապատասխան սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը կամ վերաֆինանսավորմանը։ Դրանց հիմնական ուղղություններն են՝ փոքրածավալ գյուղատնտեսական արտադրողների ֆինանսավորումը, գյուղական միկրոձեռնարկությունների, փոքր և միջին ձեռնարկությունների ու ագրոբիզնեսի ֆինանսավորումը, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը: Շրջանակը նախատեսում է նոր ծրագրերի ֆինանսավորման գերակշռող մասնաբաժին՝ նպաստելով ֆինանսավորման լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը։ Միաժամանակ սահմանված են բացառություններ՝ ֆինանսավորվող ծրագրերի սոցիալական ամբողջականությունն ապահովելու նպատակով։
Կայուն զարգացմանը միտված մոտեցում
Sustainable Fitch-ի գնահատմամբ՝ շրջանակի միջոցների օգտագործման և ծրագրերի գնահատման ու ընտրության գործընթացներն ուժեղ են։ Դրանք հիմնված են հստակ սահմանված բազմափուլ ընթացակարգի վրա, որն իրականացվում է տարբեր գործառույթներ ներկայացնող ստորաբաժանումների մասնակցությամբ ձևավորված սոցիալական պարտատոմսերի աշխատանքային խմբի վերահսկողությամբ։ Առավել մանրամասն տեղեկությունների համար՝ https://www.sustainablefitch.com/banks/sustainable-fitch-spo-provided-for-farm-credit-armenias-social-bond-framework-26-10-2026
Միջոցների կառավարման և հաշվետվողականության թափանցիկության բաղադրիչները գնահատվել են որպես Լավ (Good)։ Գնահատման մեջ նշվում են վարկերի մակարդակով միջոցների հետագծելիության ապահովումը, ինչպես նաև միջոցների առանձին նպատակային հաշվի և տարեկան հաշվետվությունների անկախ արտաքին ստուգման հետ կապված բարելավման հնարավորությունները։
Ակնկալվում է, որ սոցիալական պարտատոմսերի շրջանակը կնպաստի ՄԱԿ-ի Կայուն զարգացման երեք նպատակների իրագործմանը՝ աղքատության հաղթահարմանը (Նպատակ 1), սովի վերացմանը (Նպատակ 2) և արժանապատիվ աշխատանքի ու տնտեսական աճի խթանմանը (Նպատակ 8)։
Հիմնադրվելով 2007 թվականին՝ Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն սպասարկում է ավելի քան 12,000 անդամ-բաժնետերերի։ Ընկերության վարկառուների ավելի քան 85%-ը բնակվում է գյուղական բնակավայրերում, ինչն ընդգծում է գյուղատնտեսության և գյուղական համայնքների ֆինանսավորման գործում Ընկերության կարևոր դերը։
Սոցիալական պարտատոմսերի թողարկումը ևս մեկ քայլ կլինի Ընկերության՝ պատասխանատու ֆինանսավորման, ֆինանսական ներառականության ընդլայնման և Հայաստանի գյուղական համայնքների կայուն տնտեսական զարգացմանն աջակցելու հանձնառության ճանապարհին։