Ֆարմ Կրեդիտ Արմենիան կրկին արժանացել է Հաճախորդների պաշտպանության սերտիֆիկացման ՈՍԿԵ մակարդակի և Սոցիալական ու բնապահպանական sBB+ գնահատականի:

2025-12-10

MicroFinanza Rating (MFR) անկախ միջազգային վարկանիշային ընկերությունը (Իտալիա) «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ին շնորհել է Հաճախորդների պաշտպանության սերտիֆիկացման ՈՍԿԵ մակարդակ (Client Protection Certification – GOLD) եւ Սոցիալական ու բնապահպանական (ESG) sBB+ գնահատական:
Վարկանշավորմանը նախորդել են կազմակերպության վեցամսյա խորացված ուսումնասիրության եւ գնահատման աշխատանքներ՝ ներառելով բոլոր հիմնական գործընթացների վերլուծությունը։ Գնահատումն իրականացվել է ինչպես կենտրոնական գրասենյակում, այնպես էլ տարածաշրջանային մասնաճյուղերում՝ աշխատակիցների եւ հաճախորդների հետ տեղում հարցազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության եւ վարկային գործընթացների դիտարկման միջոցով։ 

Հաճախորդների պաշտպանության սերտիֆիկացման ՈՍԿԵ մակարդակը փաստում է, որ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն իր գործունեության հիմքում դնում է հաճախորդի իրավունքների պաշտպանությունը, իսկ sBB+ սոցիալական եւ բնապահպանական գնահատականը, իր հերթին, վկայում է, որ կազմակերպությունը համակարգված կերպով կառավարում է սոցիալական եւ բնապահպանական ռիսկերը, նպաստում է գյուղական համայնքների կայուն զարգացմանը եւ դրական ազդեցություն է թողնում իր վարկառու ֆերմերների ու փոքր բիզնեսների վրա։ 

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը հիմնականում ծավալում է ՀՀ մարզերում՝ տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման վարկեր։ Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից և այսօր միավորում է ավելի քան 12000 անդամ-փայատերերի՝ օգնելով նրանց ընդլայնել իրենց տնտեսությունները:

MFR-ը տրամադրում է անկախ վարկանիշներ և հավաստագրեր՝ նպատակ ունենալով բարձրացնել թափանցիկությունը, դյուրացնել պատասխանատու ներդրումները և խթանել ֆինանսական հատվածի պատասխանատու գործելակերպն ամբողջ աշխարհում։ MFR-ի հաճախորդները հիմնականում ներդրողներ, վերահսկող մարմիններ և բանկեր են՝ հատկապես միկրոֆինանսների, ՓՄՁ-ների և թվային ֆինանսավորման ոլորտներում։

Ընկերությունը ստեղծվել է 2000 թվականին որպես MicroFinanza Srl մայր ընկերության դուստր ընկերություն։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Իտալիայում, իսկ տարածաշրջանային գրասենյակների լայն ցանցի միջոցով MFR-ը ներկայություն ունի 4 մայրցամաքներում՝ ապահովելով աշխարհագրական լայն ծածկույթ և բարձր մասնագիտական փորձ։

Այս միջազգային գնահատականները ևս մեկ անգամ հաստատում են Ֆարմ Կրեդիտ Արմենիայի երկարաժամկետ հանձնառությունը ապահովելու պատասխանատու ֆինանսավորում՝ պաշտպանելով հաճախորդների իրավունքները և նպաստելով Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը:

Վերադառնալ նախորդ էջ