
2026 թվականի նոյեմբերի 23-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ն հաջողությամբ ավարտել է Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերի տեղաբաշխումը՝ կարևոր քայլ կատարելով երկրի կապիտալի շուկայի և սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման զարգացման ուղղությամբ։
1,5 միլիարդ ՀՀ դրամ (շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են մեկ օրվա ընթացքում։ Թողարկման նկատմամբ ներդրողների պահանջարկը շուրջ երեք անգամ գերազանցել է առաջարկի ծավալը՝ ներկայացված հայտերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 4 միլիարդ ՀՀ դրամ։ Տարեկան 12% արժեկտրոնային տոկոսադրույքով պարտատոմսերը տեղաբաշխվել են 11,02% միջին կշռված տարեկան եկամտաբերությամբ։
Տեղաբաշխման այս արդյունքներն արտացոլում են ներդրողների վստահությունը Ֆարմ Կրեդիտի նկատմամբ։
Սոցիալական պարտատոմսերի թողարկումը կազմակերպության առաքելության իրականացման ևս մեկ կարևոր քայլ է։ Ներգրավված միջոցները հնարավորություն կտան ընդլայնելու ֆերմերների, ագրոբիզնեսների և գյուղական ձեռնարկությունների ֆինանսավորումը՝ նպաստելով Հայաստանի գյուղական բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը՝ հասանելի, պատասխանատու և մատչելի ֆինանսական ծառայությունների միջոցով։
Ներգրավված միջոցները կուղղվեն բացառապես որակավորված սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանն ու վերաֆինանսավորմանը։ Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են փոքր ֆերմերների, գյուղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) աջակցությունը, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության ընդլայնումը։ Այսպես կազմակերպությունը նպատակ ունի նպաստել գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, գյուղական ձեռներեցության զարգացմանը և զբաղվածության խթանմանը՝ աջակցելով Հայաստանի գյուղական համայնքների կայուն զարգացմանը։
Թողարկումն իրականացվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիայի" Սոցիալական պարտատոմսերի հայեցակարգի շրջանակներում։ Հայեցակարգը մշակվել է հիմնվելով Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA)՝ 2025 թվականի Սոցիալական պարտատոմսերի սկզբունքների վրա և Sustainable Fitch-ի կողմից արժանացել է "Գերազանց" (Excellent) գնահատականի։
"Ֆարմ Կրեդիտ Արմենիան" շնորհակալություն է հայտնում բոլոր ներդրողներին ցուցաբերած վստահության և Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացմանն ուղղված իր առաքելության իրականացման գործում ունեցած ներդրման համար։
"Ֆարմ Կրեդիտ Արմենիան" վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։