"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ն և "Գրամին Կրեդիտ Ագրիկոլ" հիմնադրամը կնքել են 3 միլիոն եվրոյի փոխառության պայմանագիր:

2026-11-20

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ն և "Գրամին Կրեդիտ Ագրիկոլ" հիմնադրամը կնքել են 3 միլիոն եվրոյի փոխառության պայմանագիր:

2026 թվականի նոյեմբերին Ֆարմ Կրեդիտ Արմենիա -ն և միջազգային ֆինանսական գործընկեր "Գրամին Կրեդիտ Ագրիկոլ" հիմնադրամը (Grameen Crédit Agricole Foundation) կնքել են 3 միլիոն եվրոյի փոխառության պայմանագիր։

Ներգրավված ֆինանսական միջոցները կնպաստեն "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը՝ ուղղվելով Հայաստանի գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանն ու ֆինանսական ներառականության խթանմանը, ինչպես նաև գյուղական համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացմանը։

"Գրամին Կրեդիտ Ագրիկոլ" հիմնադրամը միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ֆինանսական ներառականության խթանմանը, սոցիալական ազդեցություն ունեցող ֆինանսական հաստատությունների աջակցությանը և կայուն տնտեսական զարգացմանը։ Հիմնադրամն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կանանց տնտեսական հզորացմանը, ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը և գյուղական բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։

Այս համագործակցությունը կարևոր քայլ է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի միջազգային գործընկերային կապերի ամրապնդման, երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և ներառական ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։

Ներկայումս Ֆարմ Կրեդիտն ունի 11 գրասենյակ, գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում և 10 մասնաճյուղ՝ մարզերում: Ֆարմ Կրեդիտի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ` վարկեր և լիզինգ:

Կազմակերպությունն ունի ավելի քան 3 միլիարդ ՀՀ դրամ սեփական կապիտալ և 21.6 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ակտիվներ։

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ն շարունակում է իր առաքելությունը՝ աջակցելով Հայաստանի ֆերմերներին, կին ձեռնարկատերերին, փոքր և միջին բիզնեսներին ու գյուղական համայնքների կայուն տնտեսական զարգացմանը:

 

Վերադառնալ նախորդ էջ