"Ֆարմ Կրեդիտ Արմենիան" կթողարկի Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

2026-11-19

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ն 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 27-ը կիրականացնի Հայաստանի կապիտալի շուկայում առաջին սոցիալական պարտատոմսերի թողարկումը՝ 1.5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Պարտատոմսերն ունեն 12% տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն, 36 ամիս շրջանառության ժամկետ և արժեկտրոնների եռամսյակային վճարման պարբերականություն։

Սա Հայաստանի կապիտալի շուկայում սոցիալական պարտատոմսերի առաջին թողարկումն է, որը համապատասխանում է Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ/ESG) չափանիշների սոցիալական բաղադրիչին և համահունչ է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի (ԿՇՄԱ/ICMA)՝ Սոցիալական պարտատոմսերի սկզբունքներին (Social Bond Principles)։

Պարտատոմսերի թողարկման հայեցակարգն արժանացել է միջազգային հեղինակավոր Sustainable Fitch կազմակերպության "Գերազանց" (Excellent) գնահատականին`հաստատելով դրա համապատասխանությունը միջազգային սոցիալական ֆինանսավորման սկզբունքներին։

Պարտատոմսերը հնարավորություն են տալիս կատարել բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միաժամանակ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը, գյուղական համայնքներում տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և ֆինանսական հասանելիության բարելավմանը։

Սոցիալական պարտատոմսերի թողարկումը կարևոր քայլ է Հայաստանում սոցիալական ֆինանսավորման և ֆինանսական ներառականության զարգացման ուղղությամբ։  "Ֆարմ Կրեդիտ Արմենիան" հետևողականորեն իրականացնում է ֆինանսական ներառականության խթանման, գյուղատնտեսության զարգացման և գյուղական համայնքների տնտեսական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված իր առաքելությունը։ Սոցիալական պարտատոմսերի թողարկումը ևս մեկ կարևոր քայլ է այս ուղղությամբ։

Ֆարմ Կրեդիտ Արմենիան վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

 

Վերադառնալ նախորդ էջ