‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› վարկային կոոպերատիվը և գերմանական Բանկ իմ Բիստում կոոպերատիվ բանկը (Bank im Bistum Essen eG) կնքեցին 2 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:
Վարկը տրամադրվել է 3 տարի ժամկետով: Կոոպերատիվը ֆինանսական միջոցները ուղղելու է գյուղատնտեսական և ՓՄՁ վարկավորմանը, ինչպես նաև տրամադրելու է լիզինգ ֆերմերներին և վերամշակող ընկերություններին:
Վարկային կոոպերատիվի միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը, հատկապես վերջին երկու դժվարին տարիներին, խոսում է մեր ֆինանսական կառույցի կայունության և արտաքին մարտահրավերներին դիմակայելու ունակության մասին:
‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈւՎԿ ԱԿ-ն ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը ծավալում է առավելապես ՀՀ մարզերում տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման վարկեր: Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից և այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9700 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է 2.2 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները՝ 14.6 միլիարդ ՀՀ դրամ:
Bank im Bistum Essen eG-ը գերմանական կոոպերատիվ բանկ է, որը իրականացնում է սոցիալական ֆինանսավորում եկեղեցիներին, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին: