Ավարտվեց Խելամիտ վարկավորում քարոզարշավը

2015-11-13

Ֆարմ Կրեդիտ Արմենիան ամփոփեց հոկտեմբերի 1-31-ն անցկացված "Խելամիտ վարկավորում" կրթական միջազգային քարոզարշավը: Նախագիծն իրականացվում է արդեն երկրորդ տարին շարունակ Միկրոֆինանսական կենտրոնի նախաձեռնությամբ, և այս տարի քարոզարշավին մասնակցեցին 15 երկրների 24 ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում նաև "Ֆարմ ԿրեդիտԱրմենիա" ՈւՎԿ ԱԿ-ն:
Ֆարմ Կրեդիտը հանրապետության 5 մարզերում անցկացրեց թվով 13 հանդիպում,  որոնց մասնակցեցին Կազմակերպության ավելի քան 220 անդամ - փայատերեր:
"Խելամիտ վարկավորում" կրթական խորհրդատվական քարոզարշավը միտված է հաճախորդների ֆինանսական գրագիտության և իրավագիտության մակարդակի բարձրացմանը: Քարոզարշավը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ն իրականացրեց "Կառավարե՛ք Ձեր պարտքը՝ թույլ մի տվեք, որ այն կառավարի Ձեզ" խոսուն կարգախոսով: Հատուկ մշակված հաղորդագրությունների միջոցով բանախոսները ունկնդիրներին բացատրում էին վարկավորման ընթացակարգը՝ ռիսկերի գնահատումը, պայմանագրային պարտավորությունների ստանձման գործընթացը, անվանական և իրական տոկոսադրույքների տարբերությունները: Քննարկվեցին քարոզարշավի հիմնաքար հանդիսացող հարցերը. որքա՞ն վարկ կարող եմ վերցնել, որքա՞ն պետք է վճարել, արդյո՞ք հասկանում եմ պայմանագիրը, ի՞նչ պետք է անել դժգոհության դեպքում, ի՞նչ ռիսկ է ներկայացնում արտաժույթային վարկը: Հարցերը քննարկվեցին կոնկրետ օրինակներով, որոնք մշակվել էին հատուկ քարոզարշավի համար: Անդամ-փայատերերը իրենց հարցերով ավելի արդյունավետ դարձրին հանդիպում-քննարկումները:
Հանդիպումների ժամանակ շահառուներին ներկայացվեցին նաև կոոպերատիվ կառույցի էությունը, սկզբունքները, Ֆարմ Կրեդիտ Արմենիայի ձեռքբերումները, կառավարման առանձնահատկությունները:
Ֆարմ Կրեդիտը հանդիպումները կազմակերպել էր ոչ միայն իր Էջմիածին, Կոտայք, Վայոց Ձոր և Սիսիան մասնաճյուղային գրասենյակներում, այլև անմիջապես գյուղական համայնքներում, մասնավորապես, Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ, Մարմարաշեն, Ղուկասավան համայնքներում, Արմավիրի մարզի Զարթոնք,  Արտաշար, Փշատավան, Նորավան գյուղերում, Արտաշատի Այգեզարդ համայնքում, Սյունիքի տարածաշրջանից՝ Խնձորեսկ գյուղում:

Վերադառնալ նախորդ էջ