Սույն թվականի մարտի 2–ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի փայատերեր-վարկառուների և ղեկավար անձնակազմի գործարար հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան 80 անդամ-փայատերեր, որոնց թվում էին նաև կոոպերատիվի դիտորդ խորհրդի անդամները: Հանդիպման հիմնական նպատակը անդամ-փայատերերին կոոպերատիվի վարկավորման քաղաքականության ներկայացումն ու նրանց խնդիրների, կարիքների և սպասումների բացահայտումն էր:
Հանդիպման սկզբում կոոպերատիվի Նախագահ-Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց կոոպերատիվի 2016-17 թթ. ռազմավարությունը և մարտավարությունը: Պարոն Գաբրիելյանն իր խոսքում նշեց. "Ֆարմ Կրեդիտի անդամ-փայատերերը կոոպերատիվի հենասյուներն են: Դուք այս կառույցի սեփականատերերն եք, և սա միակ ֆինանսական հաստատությունն է, որտեղ ունեք ոչ միայն պարտականություններ, այլ նաև իրավունքներ: Կարծում եմ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են և պետք է շարունակական բնույթ կրեն, քանզի կոոպերատիվի ակտիվ փայատեր-վարկառուների հետ հանդիպումները օգնում են բացահայտել նրանց խնդիրներն ու կարիքները, համատեղ քննարկել դրանց լուծման ուղիները":
Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալներ Ռիսկերի գծով տնօրեն Անահիտ Օրբելյանը և Վարկային տնօրեն Հրանտ Եղիազարյանը ներկայացրեցին Ֆինանսական շուկայի վերլուծություն, տնտեսության միտումներն ու բիզնեսի և գյուղատնտեսության զարգացման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կլոր սեղանի շուրջ քննարկվեցին կոոպերատիվի անդամ-փայատերերին հուզող այնպիսի հարցեր ինչպիսիք են կոոպերատիվի անդամ-փայատերերի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, տնտեսության առանձին ճյուղերի զարգացման հնարավորություններն ու առկա ռիսկերը, գյուղատնտեսության և բիզնեսի վարկավորման առկա հնարավորություններն ու մոտեցումները, ՀՀ ներդրումային միջավայրը, ինչպես նաև անդամ-փայատերերի ներդրումային քաղաքականությունը և դրանց առընչվող ռիսկերը:
Հանդիպման ավարտին կոոպերատիվի անդամ-փայատերերն իրենց գոհունակությունն արտահայտեցին հանդիպման ձևաչափի վերաբերյալ նշելով, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են գյուղատնտեսության և ձեռնարկատիրության ոլորտների ռիսկերին ու վարկավորմանը վերաբերվող հարցերի վերաբերյալ վարկատուի և վարկառուի տեսակետներին ծանոթանալու, դրանք քննարկելու, և արդյունավետ լուծումներ գտնելու համար:
Ֆարմ Կրեդիտ Արմենիան, հավատարիմ մնալով կոոպերատիվի սկզբունքներին, պարբերաբար կազմակերպում է տարբեր ձևաչափերով գործարար հանդիպումներ իր անդամ-փայատերերի հետ և հաստատակամ է դրանց շարունակականության հարցում: