"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ն Փոխըմբռնման հուշագիր ստորագրեց "Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի" հետ

2014-12-03

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը "Արմենիա Մարիոթ" հյուրանոցում Փոխըմբռնման հուշագիր ստորագրեց "Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի" հետ: Գերմանական միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամը (ԳՄՀԽԲՀ) գերմանական խնայբանկերի խոշորագույն բանկային խմբի կողմից ստեղծված հիմնադրամ է, որը հովանավորվում է Գերմանական տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից: ԳՄՀԽԲՀ նպատակն է խթանել ՀՀ-ում խնայողությունների կուտակումը ֆինանսական հաճախորդների ֆինանսական գրագիտության բարձրացման և նրանց շահերի պաշտպանության միջոցով: Այս համագործակցությունը թույլ կտա մի շարք կրթական և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել ինչպես "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ աշխատակիցների, այնպես էլ անդամ-փայատերերի համար:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սարգսյանը, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամներ՝ Վախթանգ Աբրահամյանն ու Արմենակ Դարբինյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Լիանա Հունանյանը, Գերմանահայկական հիմնադրամի տնօրեն Գևորգ Թումանյանը, ինչպես նաև մի շարք միջազգային և տեղական վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի Գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ Արմեն Գաբրիելյանը, ով հյուրերին ներկայացրեց "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի աշխատանքի առանձնահատկությունները, առաքելությունն ու զարգացման հեռանկարները: Արմեն Գաբրիելյանը հատուկ ընդգծեց Ֆարմ Կրեդիտի միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացման կարևորությունը, հատկապես գերմանական կազմակերպությունների հետ, որոնք կոոպերատիվների ոլորտում միջազգային փորձի փոխանակման առաջատարներ են: Միջոցառմանը հանդես եկավ նաև "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի ֆինանսական տնօրեն Անի Սարգսյանը, ով զեկույց ներկայացրեց կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:

Գերմանական պատվիրակության կազմում էին ՄՀԳԽՀ Կովկասյան տարածաշրջանի ծրագրերի համակարգող Իլոնկա Ռհյուլեն, Հայաստանյան թիմի ղեկավար Ֆայտ Հ. Գեյզենհուսը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչ Աննա Մարի Քուլմանը, ինչպես նաև ՄՀԳԽՀ ներկայացուցիչներ Սեբաստիան Ֆայտն ու Աննա Սադոյանը: Ֆայտ Հ. Գեյզենհուսը և Իլոնկա Ռհյուլեն իրենց ելույթներում ընդգծեցին, որ ՄՀԳԽՀ-ն  մեծ կարևորություն է տալիս Կովկասյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնմանը, որը նոր հորիզոններ կբացի միջազգային լավագույն փորձը տարածաշրջանի կոոպերատիվների ոլորտին փոխանցելու համար: Միջոցառման վերջում ելույթ ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ով, շեշտելով այս համագործակցության կարևորությունը, միևնույն ժամանակ ողջունեց "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի կողմից միջազգային ասպարեզում նորանոր գործընկերներ ձեռք բերելու ջանքերը:

Վերադառնալ նախորդ էջ