Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ գյուղական բնակավայրերում ֆերմերներին, երիտասարդներին և կանանց պատկանող բիզնեսների աճի խթանման նպատակով:
Ֆարմ Կրեդիտ Արմենիան այս ֆինանսավորումը ուղղելու է ֆերմերներին, երիտասարդներին և կին ձեռներեցներին պատկանող և վերջիններիս կողմից կառավարվող բիզնեսների զարգացմանը՝ նպաստելով ներդրումները, որոնք պատկանում են կանանց, կառավարվում են նրանց կողմից, կամ որտեղ աշխատում են կանայք:
Այս նախաձեռնությունը համապատասխանում է Եվրամիության նպատակին՝ աջակցելու 30,000 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) Հայաստանում՝ նպաստելով կայուն և մրցունակ աճին, ինչպես նշված է Արևելյան գործընկերության ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրում:
"Մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ միասին մենք ուրախ ենք աջակցելու Հայաստանում միկրո, փոքր և միջին չափերի ձեռնարկություններին", նշեց ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: ԵՆԲ-ը հանձնառու է նպաստելու Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը՝ օգնելով բիզնեսներին հաղթահարել իրենց ճանապարհին հանդիպող խոչընդոտները:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն ընդգծել է համագործակցության կարևորությունը: "Մենք ուրախ ենք համագործակցել Եվրոպական ներդրումային բանկի հետ: Այս նշանակալի աջակցությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնելու ֆերմերներին և ագրոբիզնեսներին մատուցվող ծառայությունները՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ ֆինանսավորում՝ այսպիսով նպաստելով համայնքների զարգացմանը: Միասին մենք նպատակ ունենք բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը, կատարել շոշափելի, դրական փոփոխություններ մեր համայնքներում":
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց. "Աջակցելով Հայաստանի ՄՓՄՁ-ներին՝ մենք նպաստում ենք Հայաստանի մասնավոր հատվածի հետագա զարգացմանը և ֆինանսների հասանելիության անհրաժեշտության լուծմանը: Այս աջակցությունը կազմում է Հայաստանի Տնտեսական և Ներդրումային Ծրագրի մի մասը, որը համապարփակ նախաձեռնություն է՝ ուղղված երկրի տնտեսական աճի, կայուն զարգացման և բարեկեցության խթանմանը":
Եվրոպական ներդրումային բանկը Եվրամիության երկարաժամկետ ֆինանսավորող հաստատությունն է, որը պատկանում է նրա անդամ-պետություններին: Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում այնպիսի կայուն ներդրումների համար, որոնք համապատասխանում են ԵՄ քաղաքական նպատակներին՝ նպաստելով ենթակառուցվածքների, նորարարության, կլիմայի և շրջակա միջավայրի, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ծրագրերի իրականացմանը։
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվ վարկային կազմակերպությունն է: Հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից, այժմ ունի ավելի քան 11,000 անդամ-փայատեր: Ունենալով գլխամասային գրասենյակ Երևանում և 10 մասնաճյուղ մարզերում՝ Ֆարմ Կրեդիտի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ` վարկեր և լիզինգ: Ֆարմ Կրեդիտը ներկայումս ունի 2,6 մլրդ դրամ սեփական կապիտալ և 17,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ակտիվներ: