2018 թվականը հայտարարվել է "Ռայֆայզենի տարի"

2018-02-22

2018 թվականին լրանում է "Կոոպերատիվ գաղափարի և կոոպերատիվ բանկային մշակույթի հիմնադիր գերմանացի Ֆրիդրիխ Վիլհելմ Ռայֆայզենի 200–ամյակը, ինչի առթիվ ողջ Գերմանիան 2018թ. տոնելու է որպես "Ռայֆայզենի տարի": Հարկ է նշել, որ կոոպերատիվի գաղափարը եղել է և կմնա համաշխարհային մասշտաբի արժեքավոր ձեռքբերումերից մեկը: Ուստի, 2018 թվականը որպես "Ռայֆայզենի տարի" նշելը ոչ միայն նպատակ է հետապնդում տոնելու և զարգացնելու կոպերատիվ գաղափարը, այլ նաև յուրօրինակ հարթակ է ձևավորում Ռայֆայզենի հետևորդների համար սերնդեսերունդ փոխանցելու նրա թողած ժառանգությունը: Կոոպերատիվ գաղափարի հիմքում ընկած է Ռայֆայզենի "ոսկե" արտահայտությունը՝ "Միասին մենք կարող ենք ավելիին հասնել, քան առանձին":
Ֆրիդրիխ Վիլհելմ Ռայֆայզենը եղել է կոոպերատիվ շարժման և մասնավորապես կոոպերատիվ բանկի գաղափարի համահիմնադիրներից մեկը: Ծնվել է Գերմանիայում 1818թ.–ին: Հայրը՝ Գոտֆրիդ Ֆրիդրիխ Ռայֆայզենը, քաղաքապետ էր, ինչպես նաև զբաղվում էր ֆերմերային տնտեսությամբ: Ֆրիդրիխը նույնպես կարճաժամկետ զինվորական ծառայությունից հետո, երբ ընդամենը 27 տարեկան էր, ընտրվեց որպես քաղաքապետ և հետագա 20 տարիների ընթացքում զբաղեցրեց Ռայնլանդի տարածաշրջանի տարբեր քաղաքապետարանների ղեկավարի պաշտոնը: Ֆ. Ռայֆայզենը վախճանվել է 1888թ.–ին՝ 69 տարեկանում:
Կոոպերատիվի գաղափարը Ռայֆայզենի մոտ ծնվել է դեռևս երիտասարդ տարիքում, երբ պաշտոնավարում էր քաղաքապետարանում: Գաղափարի առաջացման խթան դարձավ տարածաշրջանի ֆերմերների չափազանց մեծ վարկային ծանրաբեռնվածությունը և դրանից բխող դժվարությունները: 1864թ.–ին Ռայֆայզենը հիմնում է առաջին կոոպերատիվ բանկը:
Նշենք որ, կոոպերատիվները սահմանվում են որպես անհատների և իրավաբանական անձանց միավորումներ, որոնք ինքնակամորեն համախմբված են բավարարելու իրենց ընդհանուր տնտեսական, ֆինանսական, սոցիալական և մշակութային պահանջմունքներն ու կարիքները` համասեփականության և դեմոկրատական ղեկավարման հիմունքներով: Կոոպերատիվ սկզբունքներն են. 

  1. Ազատ և կամավոր անդամակցություն
  2. Անդամների ժողովրդական կառավարում
  3. Անդամների տնտեսական մասնակցություն
  4. Անկախություն և ինքնակարգավորում
  5. Տեղեկատվություն և ուսուցում
  6. Հասարակական  հոգածություն
  7. Համագործակցություն

Ավելի քան 22մլն մարդ Գերմանիայում և 1մլրդ ամբողջ աշխարհում կոոպերատիվի անդամ են: Կոոպերատիվ գաղափարն այնքան հզոր է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն այն ճանաչել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն:
Վերջին չորս տարիների ընթացքում Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի աշխատակիցների տարբեր խմբեր մասնակցել են Գերմանական կոոպերատիվների ակադեմիայի (ADG) կազմակերպած դասընթացներին, որոնք հնարավորություն են ընձեռել Ֆարմ Կրեդիտի աշխատակիցներին այցելել Ռայֆայզենի տուն – թանգարան և "Ռայֆայզեն" կոոպերատիվ բանկերի ցանցի որոշ մասնաճյուղեր, ծանոթանալ կոոպերատիվների հիմնադրման և զարգացման պատմությանը և բանկի գործունեությանը:
Այսօր Հայաստանի և Անդրկովկասի ֆինանսաբանկային ոլորտում "կոոպերատիվ գաղափարի" միակ դեսպանը 10–ամյա պատմություն ունեցող "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվն է, որի հիմնական առաքելությունն է բարելավել կյանքի որակը ՀՀ գյուղերում՝ կառուցելով հաստատուն և որակյալ վարկային կոոպերատիվ, որը կմատուցի կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսաբանկային ծառայություններ: Ֆարմ Կրեդիտը, լինելով տակավին երիտասարդ կառույց, հաստատուն և վստահ քայլերով առաջ է գնում ֆինանսաբանկային ոլորտում՝ տարեցտարի էլ ավելի ամրապնդելով կոոպերատիվի գաղափարը մեր տարածաշրջանում և զարգացնելով կոոպերատիվ մշակույթը հայ տնտեսվարների և ձեռնարկատերերի գործունեության մեջ:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...