"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը ս.թ. սեպտեմբերի 18-ին նշեց իր հիմնադրման տասնամյակը, որին ներկա են գտնվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը, Գերմանիայի Դաշնության Կոոպերատիվների ակադեմիայի տնօրեն Ռուդիգեր Մեյստերը, Ֆրանսիական խնայողական բանկերի ազգային ֆեդերացիայի միջազգային դեպարտամետի ղեկավար Օլիվիեր Բոմը, CIBP միջազգային ընկերություն Գլխավոր քարտուղար Անդրեա Կարները, Ռուսաստանի Դաշնության Վարկային միությունների լիգայի նախագահ Տատյանա Իվաշկինան և այլ արտասահմանյան գործընկերներ, կազմակերպության խորհրդի անդամներ, աշխատակիցներ և անդամ-փայատերեր:
Միջոցառման հանդիսավոր արարողության ընթացքում հյուրերը դիտեցին ֆիլմեր կազմակերպության տասնամյա գործունեության և անդամ-փայատերերի գրանցած հաջողությունների մասին:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ն ՀՀ-ում գործող միակ վարկային կոոպերատիվն է, և այն իր գործունեությունը ծավալում է բացառապես ՀՀ մարզերում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2007թ.-ին 57 հայ ֆերմերների կողմից ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Այժմ կոոպերատիվը ունի 6,800 անդամ-փայատեր: Հիմնական ծառայություններն են գյուղատնտեսական, ագրոբիզնեսի և ՓՄՁ վարկերի տրամադրումը մարզերում, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղգործիքների լիզինգ:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ն ֆերմերներին և գյուղաբնակներին տրամադրում է մատչելի վարկեր՝ ակտիվորեն մասնակցելով Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող "Համաշխարհային բանկի", "Գերմանական KFW բանկի", "Ասիական զարգացման բանկի" և ՀՀ Ֆինանսների նախարարության ԳՖԿ ԾԻԳ-ի կողմից իրականացվող՝ "Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի", "Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի" գյուղվարկավորման տարբեր ծրագրերում:
Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն/նախագահն է Արմեն Գաբրիելյանը, իսկ խորհրդի նախագահը՝ Սերյոժա Հայրապետյանը: Այժմ կազմակերպությունը ունի 85 աշխատակից:
31.07.2017 թ.-ի դրությամբ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի ակտիվները կազմում են ավելի քան 10.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ 1.4 մլրդ ՀՀ դրամ: Կոոպերատիվն ունի 10 գրասենյակ, որոնցից վերջինը՝ խորհրդանշական 10-րդ գրասենյակը պաշտոնապես բացվել է Մյասնիկյան գյուղում կազմակերպության հիմնադրման տասնամյակի օրը: