Ֆարմ Կրեդիտ Արմենիան կրկին արժանացել է Հաճախորդների պաշտպանության սերտիֆիկացման ՈՍԿԵ մակարդակի և Սոցիալական ու բնապահպանական sBB+ գնահատականի

2025-12-08

MicroFinanza Rating (MFR) անկախ միջազգային վարկանիշային ընկերությունը (Իտալիա) Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ին շնորհել է Հաճախորդների պաշտպանության սերտիֆիկացման ՈՍԿԵ մակարդակ (Client Protection Certification – GOLD) և Սոցիալական ու բնապահպանական (ESG)  sBB+ գնահատական:

Վարկանշավորմանը նախորդել են կազմակերպության վեցամսյա խորացված ուսումնասիրության և գնահատման աշխատանքներ՝ ներառելով բոլոր հիմնական գործընթացների վերլուծությունը։ Գնահատումն իրականացվել է ինչպես կենտրոնական գրասենյակում, այնպես էլ տարածաշրջանային մասնաճյուղերում՝ աշխատակիցների և հաճախորդների հետ տեղում հարցազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության և վարկային գործընթացների դիտարկման միջոցով։

Հաճախորդների պաշտպանության սերտիֆիկացման ՈՍԿԵ մակարդակը փաստում է, որ Ֆարմ Կրեդիտ Արմենիան իր գործունեության հիմքում դնում է հաճախորդի իրավունքների պաշտպանությունը, իսկ sBB+ սոցիալական և բնապահպանական գնահատականը, իր հերթին, վկայում է, որ կազմակերպությունը համակարգված կերպով կառավարում է սոցիալական և բնապահպանական ռիսկերը, նպաստում է գյուղական համայնքների կայուն զարգացմանը և դրական ազդեցություն է թողնում իր վարկառու ֆերմերների ու փոքր բիզնեսների վրա։

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը հիմնականում ծավալում է ՀՀ մարզերում՝ տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման վարկեր։ Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից և այսօր միավորում է ավելի քան 12000 անդամ-փայատերերի՝ օգնելով նրանց ընդլայնել իրենց տնտեսությունները:

MFR-ը տրամադրում է անկախ վարկանիշներ և հավաստագրեր՝ նպատակ ունենալով բարձրացնել թափանցիկությունը, դյուրացնել պատասխանատու ներդրումները և խթանել ֆինանսական հատվածի պատասխանատու գործելակերպն ամբողջ աշխարհում։ MFR-ի հաճախորդները հիմնականում ներդրողներ, վերահսկող մարմիններ և բանկեր են՝ հատկապես միկրոֆինանսների, ՓՄՁ-ների և թվային ֆինանսավորման ոլորտներում։

Ընկերությունը ստեղծվել է 2000 թվականին որպես MicroFinanza Srl մայր ընկերության դուստր ընկերություն։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Իտալիայում, իսկ տարածաշրջանային գրասենյակների լայն ցանցի միջոցով MFR-ը ներկայություն ունի 4 մայրցամաքներում՝ ապահովելով աշխարհագրական լայն ծածկույթ և բարձր մասնագիտական փորձ։

Այս միջազգային գնահատականները ևս մեկ անգամ հաստատում են Ֆարմ Կրեդիտ Արմենիայի երկարաժամկետ հանձնառությունը ապահովելու պատասխանատու ֆինանսավորում՝ պաշտպանելով հաճախորդների իրավունքները և նպաստելով Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը:

 

Վերադառնալ նախորդ էջ