
Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն կնքել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիր ամերիկյան MCE Social Capital ընկերության հետ։ Ներգրավված ֆինանսական միջոցներն ուղղվելու են վարկերի և լիզինգի տրամադրմանը:
Այս համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կանաչ ֆինանսավորման զարգացմանը, գյուղատնտեսության արդիականացմանը և համայնքների կայուն աճին։
MCE Social Capital-ը ԱՄՆ-ում հիմնված ոչ առևտրային ազդեցության ներդրումային կազմակերպություն է (impact investment organization), որը կապիտալ է տրամադրում զարգացող շուկաներում կայուն զարգացում ապահովող ձեռնարկություններին։ Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը՝ աջակցելով գործընկերներին ընդլայնել իրենց գործունեությունը և առավել արդյունավետ վարկավորել իրենց հաճախորդներին և համայնքներին։
<<Ֆարմ Կրեդիտ Արմենիան>> շարունակաբար բարելավում է իր ծառայությունները և ընդլայնում ֆինանսավորման հնարավորությունները գյուղական համայնքներում։ Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ կազմակերպությունը նպաստում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը և ապահովում մատչելի ֆինանսական ծառայությունների հասանելիություն՝ հիմնված կոոպերատիվ սկզբունքների վրա։
Նոր համագործակցությունը ևս մեկ անգամ վկայում է կազմակերպության վստահելիության, կայուն զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքի և միջազգային գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության մասին։
<<Ֆարմ Կրեդիտ Արմենիան>> ունի 11 գրասենյակ՝ գլխամասային գրասենյակը Երևանում և 10 մասնաճյուղեր՝ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի գյուղական համայնքներում՝ տրամադրելով մատչելի ֆինանսավարկային ծառայություններ՝ վարկեր և լիզինգ։
Ներկայումս կազմակերպության սեփական կապիտալը կազմում է 2.9 մլրդ դրամ, իսկ
ակտիվների ընդհանուր ծավալը՝ 20.3 մլրդ դրամ։