"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն մասնակցեց Մոնտաբուրում կազմակերպված դասընթացներին

2014-09-03

Սույն թվականի օգոստոսի 10-ից 15-ը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ աշխատակազմը Գերմանիայի Մոնտաբուր քաղաքում մասնակցեց Գերմանական կոոպերատիվների ակադեմիայի (ԳԿԱ) կողմից կազմակերպված դասընթացներին: "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ն ներկայացել էր հիմնականում միջին օղակների ղեկավարներով` մասնաճյուղերի կառավարիչներով և բաժնի պետերով՝ռիսկերի գծով փոխտնօրենի և գլխավոր գործադիր տնօրենի ղեկավարությամբ:
Գերմանական կոոպերատիվների ակադեմիան կառավարման և ֆինանսական ուսուցման ինստիտուտ է, որը կազմակերպում է այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են բանկային գործի ուսուցման ծրագրեր, սեմինարներ գերմանական և միջազգային կոոպերատիվների միությունների, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների համար: Մեծ ազդեցություն ունենալով գերմանական կոոպերատիվ բանկերի ձևավորման վրա՝ այն այժմ իր ավելի քան երեսուն տարվա փորձը փոխանցում է միջազգային հանրությանը՝ աջակցելով կոոպերատիվ ֆինանսական ոլորտի զարգացմանը ողջ աշխարհում:
Այս անգամ ևս բացառություն չէր: Հնգօրյա դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ գերմանական տնտեսության հիմքը հանդիսացող գյուղատնտեսական ֆինանսական ինստիտուտների և կոոպերատիվների վերաբերյալ:

Դասընթացների առաջին օրը ողջույնի խոսքով հանդես եկավ և գերմանական կոոպերատիվների ֆինանսական ոլորտի գործունեությունը ներկայացրեց ԿԳԱ ներկայացուցիչ Ռուդիգեր Մեյնստերը: Իր դասախոսության ընթացքում Մեյնստերը մանրամասն նկարագրեց գերմանական ֆինանսական համակարգը և ընգծեց, որ  կոոպերատիվներն այդ համակարգում գերակշիռ մաս են կազմում՝ հասկայական ազդեցություն թողնելով ոլորտի զարգացման վրա: Հանգամանալից ներկայացնելով գերմանական կոոպերատիվների զարգացման պատմությունը՝ Մեյնստերը մասնակիցներին ծանոթացրեց կոոպերատիվների առանձնահատկություններին, այդ թվում դրանց աշխատանքային սկզբունքներին, իրավական գործունեության շրջանակներին և ֆինանսական ցուցանիշներին:
Իր դասախոսության ընթացքում Մեյնստերը առանձնակի կարևորեց ԳԿԱ-ի՝ կոոպերատիվների ոլորտում սկսնակ աշխատողների, ինչպես նաև պրոֆեսիոնալ կառավարիչների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու դերը, որը ԳԿԱ միջազգային կամակերպության միջոցով տարածում է կոոպերատիվների գաղափարը ողջ աշխարհով մեկ:
Նույն օրը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը ներկայացրեց զեկույց Հայաստանում կոոպերատիվների դերի ու նշանակության մասին: Տնօրենը հատկապես անդրադարձավ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ի գործունեության շրջանակներին և առանձնահատկություններին, առաքելությանն ու զարգացման հեռանկարներին:  Հանգամանալից ներկայացնելով կազմակերպության հիմնադրման պատմությունը՝ նա պարզաբանեց կոոպերատիվների գաղափարի տարածումը ՀՀ գյուղական բնակավայրերում, և մանրամասնեց այն միջոցառումները, որոնք իրականացնում է կազմակերպությունը իր մարզային մասնաճյուղերի միջոցով: Զեկույցի վերջում մասնակիցները քննարկեցին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի և ԳԿԱ-ի միջև հետագա համագործակցության հեռանկարների և զարգացումների հնարավորությունների մասին:

Սեմինարների ընթացքում դասախոսություններով հանդես եկան նաև Յոհան Կառլը "Կոոպերատիվ կառավարման հաջողության գործոնները" և "Կոոպերատիվի իրավական դաշտ և կոոպերատիվ ֆեդերացիայի դերը" թեմաներով, որում անդրադարձավ կոոպերատիվների կառավարման մեխանիզմներին, ռազմավարության մշակման և ֆինանսական պլանավորման մեխանիզմներին, և GEFAK միջազգային խորհրդատվական ընկերության ղեկավար Կառլ Կրուգը "Գյուղատնտեսական արժեքային շղթա. միջազգային կոոպերատիվների ծրագրերի փորձը" դասընթացով: Այս դասընթացի շրջանակներում քննարկվելիք հիմնական դրույթներն էին արժեքային շղթայի ֆինանսավորումը, դրա տարատեսակները, արժեքային շղթայի ֆինանսավորման պահանջմունքները և դրա ֆինանսավորումը կոոպերատիվների միջոցով: Բանախոսը նաև մեջբերեց գործնական օրինակներ կոոպերատիվների միջոցով արժեքային շղթաների ֆինանսավորումից՝ միևնույն ժամանակ օգտակար խորհրդատվություն տրամադրելով սեմինարի մասնակիցներին:
Դասընթացը ներառում էր նաև գործնական շրջայցեր ինչպես լոկալ բանկեր, այնպես էլ ֆերմերային կոոպերատիվներ: Մասնավորապես մասնակիցներն այցելեցին RV Rhein-Hardt բանկ, ինչպես նաև Raiffeisen Rhein-Ahr-Eifel խանութ-կոոպերատիվ: RV Rhein-Hardt բանկ այցելության ընթացքում բանկի ղեկավարությունը մասնակիցներին ներկայացրեց բանկի աշխատանքները, վարկային ծառայությունները և դրա առանձնահատկությունները որպես տարածաշրջանային կոոպերատիվ բանկ: Հետաքրքրական էր նաև RV Rhein-Hardt բանկի ապրանքային բաժնի աշխատանքը: Տվյալ բաժինը, վերամշակելով իր հաճախորդներից ստացված ապրանքները, վաճառում է խոշոր սուպերմարկետներին՝ դրանով իսկ ապահովելով կապը իր հաճախորդների և շուկայի միջև:

Ինչ վերաբերում է Raiffeisen Rhein-Ahr-Eifel կոոպերատիվ-խանութին, ապա այն իրենից ներկայացնում է մի յուրօրինակ արտադրություն, որտեղ վաճառվում են ամենատարբեր տեսակի գյուղամթերքներ և տնտեսական ապրանքներ: Խանութը զբաղվում է նաև ցորենի վերամշակմամբ և վաճառքով:
Ի հավելումն այս այցելությունների՝ մասնակիցները եղան նաև Ֆրիդրիխ Ռայֆայզենի տուն-թանգարանում՝ ծանոթանալով կոոպերատիվների հիմնադրման և զարգացման ողջ պատմությանը:
Ընդհանուր առմամբ դասընթացը բավականին ուսուցողական էր և ճանաչողական, ինչը կօգնի "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ին իր առաքելությունը իրականացնելիս հաշվի առնել նաև միջազգային լավագույն փորձը:

Վերադառնալ նախորդ էջ