"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի տասնամյակի առթիվ միջազգային պատվիրակություն էր այցելել կովկասյան այս երկիր: Սա ճանապարհորդություն էր դեպի մարդկության բնօրրան և նաև դեպի կոոպերատիվների հիմնադրման պատմություն:
Հայաստանի տարբեր անկյուններից կարելի է հիմանալ մշտապես ձյունապատ հրաբխային Արարատ լեռով: Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակից սկսած մարդիկ բնակություն են հաստատել նրա լանջերին: Թեև լեռն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն շարունակում է մնալ հայկական զինանշանի կենտրոնական մասնիկը: Հայկական կոնյակը՝ երկրի ամենահայտնի արտահանվող ապրանքը, ևս Արարատ լեռան անունով է կոչվում: Երևանի կոնյակի գործարանը ավելի քան 150 տարի արտադրում է այս խմիչքը:
Համաձայն ավանդության՝ ջրհեղեղից հետո Նոյն իր տապանով կանգ առավ Արարատ լեռան գագաթին և հենց այնտեղ հիմնեց գինու առաջին այգիները: Նոյյան տապանից մի մասունք այսօր պահվում է Էջմիածնի թանգարանում: Էջմիածինը քրիստոնյա հայության համար կարևորագույն հոգևոր կենտրոն է, որը հիմնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը չորրորդ դարի սկզբին հեթանոսական տաճարի ավերակների վրա:
Կովկասի եզրին գտնվող այս երկիրը գրեթե Բելգիայի մեծության տարածք ունի և սահմանակից է Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին և Թուրքիային: Պաշտոնական տվյալների համաձայն բնակչությունը կազմում է երեք միլիոն: Եթե տեղում մարդկանց հետ զրուցես, ապա, ըստ նրանց, երկիրն առավելագույնը երկու միլիոն բնակիչ ունի, որի կեսը ապրում է մայրաքաղաք Երևանում: Շուրջ տասը միլիոն հայեր հարյուրամյակներ շարունակ ապրում են սփյուռքում: 1915 թվականի թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից հետո, որը մեկ ու կես միլիոն հայերի կյանք խլեց, հիմնադրվեցին համայնքներ Լիբանանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 20-րդ դարի 90-ական թվականների ծանր տնտեսական ճգնաժամի հետևանքով, որն իր մեջ ներառեց նաև Ադրբեջանի հետ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ստիպեց շատ հայերի արտագաղթել Ռուսաստան՝ մասնավորապես Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ:
Ծանր կյանք գյուղական բնակչության համար
Արևելքի և Արմուտքի հարևանների հետ ունեցած թշնամության հետևանքով՝ այսօր երկրում մնացած բնակչության համար հիմնական առևտրային գործընկերները Իրանը և Ռուսաստանն են: Գյուղական ազգաբնակչության կյանքը ծանր է և չարքաշ: Երկրի տարածքի կեսը ծածկված է անհարթ հրաբխային քարերով, որոնց բարձրությունը երբեմն հասնում է մինչև 4000 մետրի: Վարելահողերը երկրի տարածքի ընդամենը 17 տոկոսն են կազմում, իսկ արոտավայրերը՝ մեկ քառորդը: Արարատի ստորոտին գտնվող բերքատու դաշտավայրում աճում են նուռ, ծիրան, դեղձ, խաղող և թուզ, որոնք ճանապարհի եզրերին վաճառքի են դրված: Կլիման ցամաքային է՝ մինչև 40 աստիճանի հասնող շոգ ամառներ և ցրտաշունչ ու ձյունառատ ձմեռներ: Ինչպես գյուղացիներից տեղեկացանք, ամռան ամիսներին երբեմն կարճ և խիստ կարկուտը փչացնում է բերքը, որը ապահովագրված չէ:
Կոպիտ, վայրի բնության գեղեցկությունը, որը մարդը հարյուրավոր տարիներ առաջ զարդարել է քարակերտ եկեղեցիներով և վանքերով, ձուլվում է մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանի հետ: Քաղաքի հիմնաքարերը Քրիստոսից առաջ 782 թվականին հիմնադրված Էրեբունի քաղաքինն են: Այդ անունով է հիմա կոչվում քաղաքի թաղամասերից մեկը, որը կենտրոնից շուրջ չորս կիլոմետր հարավ-արևելք է գտնվում: Այնտեղ կարելի է հիանալ համարյա 3000 տարվա հնության հզոր պարիսպներ ունեցող միջնաբերդով, պալատի ավերակներով և կժերի հսկայական շտեմարաններով:
Վարկային կոոպերատիվի անդամները
Մենք լքում ենք քաղաքը և Մ2 միջպետական ճանապարհով ուղևորվում ենք Վայոց ձորի մարզ՝ այցելելու Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի անդամներին: Արենին ընկած է Ամաղուի կիրճում, որը տանում է դեպի Նորավանքի վանական համալիր: Իր գինիներով հայտնի այս գյուղը 2010 թվականին սենսացիոն հնագիտական պեղումների արդյունքում հայտնվեց մամուլի գլխավոր վերնագրերում. արտասովոր փակ հրաբխային ժայռի լայն քարանձավներից մեկում հայտնաբերվել էր բրոնզեդարյան ժամանակաշրջանի կաշվե անվնաս կոշիկ: Պեղումների ժամանակ հայտնաբերված խաղողի ողկույզների հետազոտությունը ցույց տվեց, որ դեռ 5000 տարի առաջ էլ այստեղ եղել են խաղողի այգիներ, որոնք մինչ այսօր վայրի կերպով աճում են հովտի ժայռոտ լանջերին:
Արենիի գինու գործարանի հիմնադիրը պատմում է այդ հինավուրց խաղողի վազերի ուժի և հզորության մասին, որոնք նա ճզմում է ոչ միայն տակառներում, այլ նաև հին հայկական սովորույթի համաձայն մեծ կավապատ կճուճներում, որոնք նա հաստ մոմե շերտով է փակում: Մուգ կարմիր քաղցր գինին համտեսում ենք համեղ ավանդական ճաշի ժամանակ՝ թարմ կանաչիներով, լավաշով (հովիվների հացով), լոլիկով, վարունգով և գազարով, որոնք թաթախում ենք մածունի մեջ, դրա հետ միասին ոչխարի պանիր և նուրբ կտրտած բաստուրմա, ապխտած տավարի միս և սուջուխ (սալամիի տեսակ), ինչպես նաև տոլմա՝ լցոնած բանջարեղեն և խաղողի տերևներ:
Մինչ կաթնամթերքի գործարան գնալը, որը հիմնականում մասնագիտացած է այծի կաթից մթերքների արտադրությամբ, այցելում ենք Նորավանք, որը 13-րդ դարում Սյունիքի իշխանները կառուցել են որպես եպիսկոպոսի նստավայր: Չափազանց տպավորիչ տեսարան է. քիչ առաջ մի ընտանիք Սուրբ Կարապետ վանքում կնունք էր տոնում: Արարողակարգից հետո քահանան ողջունում և օրհնում է արտասահմանցի հյուրերին և մեզ բացատրում տարածքի ճարտարապետական առանձնահատկությունները: Նա տաղանդավոր լուսանկարիչ է և զարմացնում է մեզ իր կողմից արված "Սուրբ Ստեփանոս" եկեղեցու ձմեռային տեսարանների լուսանկարներով:
Նոր մասնաճյուղ հոբելյանին
Դեպի Երևան հետադարձ ճանապարհին ՖԿԱ-ի մասնաճյուղերից մեկում տեղեկանում ենք, թե ինչպես են վարկային դիմումները քննվում, և որ մասնաճյուղերից ոչ մեկում կանխիկ գումար չի հավաքվում: Կոոպերատիվ բանկի տասնամյա հոբելյանին՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին, Մյասնիկյան գյուղում բացվում է տասներորդ գրասենյակը: Երևանում տոնական միջոցառմանը կոոպերատիվի նախագահ Արմեն Գաբրիելյանը իր ողջյունի խոսքն է ուղղում 200 հյուրերին, որոնց թվում են Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Գերմանական կոոպերատիվների ակադեմիայի տնօրեն Ռուդիգեր Մայսթերը, Ռուսաստանի վարկային միությունների լիգայի նախագահ Տատյանա Իվաշկինան և նաև ես՝ որպես CIBP-ի գլխավոր քարտուղար:
Համառոտ տեղեկատվություն
Ֆարմ Կրեդիտ Արմենիա
Հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից
Գործունեությունը՝ գյուղատնտեսության և ՓՄՁ-ների ֆինանսավորում, գյուղատնտեսական մեքենաների լիզինգ
ԳԳՏ/Նախագահ՝ Արմեն Գաբրիելյան
Անդամներ՝ 6.800
Աշխատակիցներ՝ 85
Գրասենյակներ՝ 10
Ակտիվներ՝ 22,4 մլն ԱՄՆ դոլար
Սեփական կապիտալ՝ 2,9 մլն ԱՄՆ դոլար