“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն կազմակերպում է տրակտորների ցուցահանդես Արարատի մարզում

2011-06-01

Տրակտորների ցուցահանդես Արարատի մարզում (վիդեո)


Արդեն երկրորդ տարին է ինչ ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈւՎԿ ԱԿ-ն ավանդույթ է ձևավորում իր անդամ-փայատերերի, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայով հետաքրքրվող շահագրգիռ անձանց համար կազմակերպել ցուցահանդես-միջոցառում, ուր  ներկայացվում է Չինաստանում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող առաջատար ՙYTO GROUP՚ ընկերության տրակտորներ և այլ գյուղտեխնիկա:

Միջոցառմանը, որը կազմակերպվել էր 2011թ. մայիսի 31-ին Արարատի մարզի Դիմիտրով գյուղում, ներկա էին մոտ 150 հյուրեր, այդ թվում`“YTO Group” ընկերության ղեկավարներ, ՖԿԱ անդամ-փայատերեր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ներկայացուցիչներ ԱՄՆ դեսպանատնից, ՀՄՀ-Հայաստան ծրագրից, Համաշխարհային Բանկից, ինչպես նաև տարածքային և համայնքային ներկայացուցիչներ:

Ցուցահանդես-միջոցառումը հնարավորություն ընձեռեց ներկաներին բաց դաշտում ականատես լինելու գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկման աշխատանքներին: ՖԿԱ-ն առաջիններից է, որը Հայաստանում իրականացնում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ` հայ ֆերմերների համար մատչելի դարձնելով ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի  ձեռքբերումը:

Միջոցառման ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան ՖԿԱ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրելյանը, YTO International-ի գործադիր տնօրենի տեղակալ Չու Քսյանգքիան, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը, որոնք  կարևորեցին նման միջոցառումների կազմակերպումը`հիմնված կոոպերատիվի անդամների գյուղմեխանիզացիայի կարիքների և շուկայում գյուղատնտեսական տեխնիկայի առկա պահանջարկի վրա:

Հարկ է նշել, որ 2010թ.ապրիլի 22-ին կայացած  ցուցահանդես-միջոցառումը լայն արձագանք ունեցավ կոոպերատիվի անդամների, ինչպես նաև այլ  կոոպերատիվների և այլ շահագրգիռ  կազմակերպությունների կողմից և ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈւՎԿ ԱԿ-ի և ՙYTO Group՚ կազմակերպության միջև ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր, որն ամրապնդեց հետագա երկկողմ համագործակցությունը:

Վերադառնալ նախորդ էջ