ՄԵՐ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


2005թ.-ի հուլիս ամսին ԱԳԶԿ հիմնադրամի ռազմավարական պլանավորման հավաքի ժամանակ Հիմնադրամի վարկային բաժնի ղեկավար` Արմեն Գաբրիելյանի կողմից ներկայացվեց հայ ֆերմերներին պատկանող կոոպերատիվ վարկավորման կառույց ստեղծելու հիմնադրույթներ: ԱՄՆ Գյուղդեպարտամենտը, որը ԱԳԶԿ-ի միջոցով ֆինանսավորում էր տարբեր գյուղատնտեսական ծրագրեր Հայաստանում, այդ հիմնադրույթները ներկայացրեց ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Կարգավորող մարմնի փորձագետների նախնական քննարկմանը 2005թ. նոյեմբեր ամսին:

2005թ.-ի սեպտեմբերին ԱՄՆ-ում անցկացվող ԱՄՆ-Հայաստան տնտեսական համագործակցության շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպեց ԱՄՆ Գյուղդեպարտամենտի քարտուղարին և Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի (ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի կարգավորող մարմնի) ղեկավարներին: ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի կոոպերատիվ վարկավորման սկզբունքներին և արդյունքներին ծանոթանալուց հետո Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ-ի Գյուղ. Դեպարտամենտի միջև տեղի ունեցավ երկկողմ բանավոր համաձայնություն՝ Հայաստանում անկախ կոոպերատիվ գյուղվարկավորման համակարգ ստեղծելուն նպաստելու վերաբերյալ, ինչը պետք է իրագործվեր ԱՄՆ Գյուղդեպարտամենտի տեխնիկական աջակցությամբ:

2005թ.-ի նոյեմբերից Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիան ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական Ծառայության պահանջով սկսեց տեխնիկական աջակցության ծրագիր՝ բացահայտելու համար, արդյոք կարող են Հայաստանում կիրառվել ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ համակարգի աշխատանքային սկզբունքներն ու առանձնահատկությունները: ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի խորհրդատուները և տեխնիկական մասնագետները դրական կարծիք հայտնեցին, և որոշում ընդունվեց աջակցել Հայաստանում հիմնադրելու “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” վարկային կոոպերատիվ կազմակերպությունը:

ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի խորհրդատուների և տեխնիկական մասնագետների օգնությամբ Հայաստանում ստեղծվեց Խորհրդատվական Հանձնաժողով:

Հիմնական աշխատակազմը ընտրվեց և վերապատրաստվեց ԱՄՆ-ում: Հիմնադիր ժողովը տեղի ունեցավ 57 ֆերմերների, փոքր ու միջին ձեռնարկատերերի և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Ասոցիացիայի Խնամառու Հիմնադրամի մասնակցությամբ: Ընտրվեց դիտորդ խորհուրդ` բաղկացած 5 անդամներից (մարզերի ներկայացուցիչներից) և արտաքին անդամից: Խորհրդի նախագահ ընտրվեց Սերյոժա Հայրապետյանը, Գլխավոր գործադիր տնօրեն` Արմեն Գաբրիելյանը:

“Ֆարմ Կրեդիտ Արմենիան”   գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերի 18-ին` որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվ: