Հայաստան-Իտալիա՝ բանկային համագործակցության համադրում

2023-01-16

Հռոմում տեղի ունեցավ Հայաստանում գործող միակ վարկային կոոպերատիվի՝ Ֆարմ Կրեդիտ Արմենիայի (FCA) պատվիրակության և Ժողովրդական բանկերի ազգային ասոցիացիայի հանդիպումը: Ֆարմ Կրեդիտը Հայաստանի միակ ֆինանսական ընկերությունն է, որի գործունեությունը հիմնված է միջազգային համագործակցության սկզբունքների վրա, ինչով և Ֆարմ  Կրեդիտը տարբերվում է հայկական շուկայում գործող այլ կազմակերպություններից: Ինչպես հանդիպման ժամանակ նշեց պատվիրակության ղեկավար Արմեն Գաբրիելյանը (FCA-ի գործադիր տնօրենը), կազմակերպությունը հիմնադրվել է՝ առաջնորդվելով ‹‹Համագործակցություն հօգուտ բոլորի›› կարգախոսով: Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է երկրում կյանքի բարելավումը՝ գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, մանր ու միջին բիզնեսի համար հասանելի ֆինանսական ծառայություններ առաջարկելու միջոցով: Ժողովրդական բանկերի ազգային ասոցիացիայի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվեց իտալական ժողովրդական բանկերի և հայկական վարկային կոոպերատիվի գործընկերության հետագա զարգացման և ամրապնդման հարցում կողմերի փոխադարձ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև տեխնիկական հարցերի շուրջ հաջորդ տարվա ընթացքում հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: 

Այս հանդիպմամբ Ժողովրդական բանկերի ազգային ասոցիացիան շարունակում է միջազգային բանկային համագործակցության ոլորտում կապերի ստեղծմանն աջակցելու իր գործունեությունը: Գործունեության նպատակն է ամուր հարաբերությունների և կապերի զարգացումը՝ այս բանկերից ու ասոցիացիաներից յուրաքանչյուրի՝ տարբեր աշխարհագրական և տնտեսական պայմաններում ձեռքբերված փորձի համադրության միջոցով: Խիստ անհրաժեշտ է այս ուսումնասիրությունների արդյունքները համընդհանուր ուշադրությանը ներկայացնելը, հատկապես աշխարհում տեղի ունեցող սրընթաց գլոբալ աշխարհաքաղաքական փոխակերպումների պայմաններում:  

Ինչպես նշեց Ժողովրդական բանկերի ազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ջուզեպպե Դե Լուչիա Լումենոն հանդիպումն ամփոփելիս, ‹‹Ժողովրդական բանկերի և հայ ժողովրդի կապերը հինավուրց, դարավոր կապեր են: Անցյալ դարի քսանական թվականներին իտալական Ժողովրդական բանկերի հիմնադիր Լուիջի Լուցցատտին մեր երկրում մեծ ջանքեր էր գործադրում հայ ժողովրդի ազատագրման խնդրի լուծման ուղղությամբ՝ հասարակական կարծիքի ձևավորման և քաղաքական գործիչների ներգրավման միջոցով: Հենց Լուցցատտիի այս ակտիվ գործունեության շնորհիվ էր, որ հարավային Իտալիայում հյուրընկալվեցին բազմաթիվ հայեր: Հայաստանի և Իտալիայի կապերը, - նշում է Դե Լուչիա Լումենոն, - մինչ օրս շարունակում են մնալ կայուն և պետք է շարունակաբար ամրապնդվեն: Այս հանդիպումները մեզ է՛լ ավելի մերձեցնելու և դեպի վերջնանպատակ ուղղորդելու ճանապարհն են›› :

Իտալերեն տարբերակը՝ այստեղ. https://bit.ly/3iCOxZN

Վերադառնալ նախորդ էջ