“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ-ն Ջերմուկում կայացած գյուղական համայնքների առաջին համաժողովում

2011-10-13

Հոկտեմբերի 10-11 Ջերմուկ քաղաքում կայացավ գյուղական համայնքների առաջին համաժողովը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԲ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժ. Հափին, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ: Համաժողովն իրականացվում էր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և նպատակ ուներ աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: Համաժողովի նպատակն էր բոլոր դերակատարների՝ համայնքների, կառավարության, փորձագետների, հասարակական կազմակերպությունների օգնությամբ մշակել Հայաստանում գյուղի զարգացման հեռանկարները:

Համաժողովի  ընթացքում աշխատանքային 10 խմբերում քննարկվեցին, մասնավորապես, գյուղում ենթակառուցվածքների, սոցիալական և կրթական ոլորտների զարգացման հարցերը: “Բանկային համակարգ” աշխատանքային խմբի քննարկման ընթացքում  “Վարկային գործիքները գյուղական համայքներում” թեմայի բանախոսներն էին ՖԿԱ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը և “ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ” բանկի նախագահ Ստեփան Գիշյանը: Ակտիվ քննարկումների ընթացքում ընկերությունների ղեկավարները ներկայացրեցին նաև իրենց կազմակերպության գործունեությունը, մատուցվող ծառայությունները և այլն:

 

 

Վերադառնալ նախորդ էջ