Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը մասնակցեց Ռուսաստանի վարկային միությունների լիգայի 12-րդ ամենամյա ֆորումին

2018-06-01

Ռուսաստանի վարկային միությունների լիգայի հրավերով ս.թ. մայիսի 23-ից 25-ը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ Արմեն Գաբրիելյանը և ԳԳՏ օգնական/Աշխատակազմի ղեկավար Աննա Պետրոսյանը մասնակցեցին ՌՎՄ Լիգայի 12-րդ համաժողովին Ռուսաստանի Սոչի քաղաքում: Հոբելյանական համաժողովը նվիրված էր ժամանակակից Ռուսաստանում վարկային կոոպերատիվների համընդհանուր շարժման 25-ամյակին: Մասնակցում էին անդամ մի շարք վարկային կոոպերատիվների ներկայացուցիչներ (շուրջ 230 մասնակից) Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից, ինչպես նաև արտասահմանյան գործընկերներ Իռլանդիայից, ԱՄՆ-ից, Թայլանդից և Պապուա Նոր Գվինեայից:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին մի շարք աշխատանքային հարցեր վարկային կոոպերատիվների առկա հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ: Ֆորումը նշանավորվեց նաև մայիսի 23-ին՝ հանդիսավոր բացման արարողության ժամանակ, Ֆարմ Կրեդիտի և ՌՎՄ Լիգայի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ: Հուշագիրը կոչված է նպաստելու երկու կազմակերպությունների միջև ինֆորմացիայի և փորձի փոխանակմանը, բազմաբնույթ կրթական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև վարկային կոոպերատիվների հետագա զարգացմանը նպաստող մի շարք համատեղ նախաձեռնությունների իրագործմանը:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի Գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ Արմեն Գաբրիելյանը մասնակիցներին ողջունեց իր ելույթով՝ վստահեցնելով, որ այս համագործակցությունը հնարավորություն կտա երկու կազմակերպություններին փոխանակվելու կոոպերատիվների լավագույն փորձով և որ սա ևս մի վկայություն է այն դարավոր բարեկամության, որ գոյություն  ունի հայ և ռուս ժողովուրդների միջև:

Վերադառնալ նախորդ էջ