Միակ վարկային կոոպերատիվը Հայաստանում

2010-02-05

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես Կենտրոնում կայացած Փայատերերի ընդհանուր ժողովում “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը իր ելույթում նշեց կոոպերատիվի 2009թ. գործունեության դրական արդյունքների մասին:

2009թ. ամենանշանակալից իրադարձությունը Ֆարմ Կրեդիտ վարկային կոոպերատիվի կապիտալի համալրումն էր Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչի անմիջական աջակցությամբ: Ձեռք բերված լրացուցիչ կապիտալը հնարավորություն կտա համագործակցել միջազգային ներդրողների հետ և ստանալ ֆինանսավորում` վարկային և լիզինգային ծառայություններ մատուցելու համար: 2009թ. վերջում Ֆարմ Կրեդիտի վարկային պորտֆելը աճել է 2,7 անգամ, իսկ անդամ-փայատերերի թիվը ավելացել է 2,2 անգամ` կազմելով 176 անդամ:

ՀՄՀ –Հայաստան ծրագրի ,,Ջրից դեպի շուկա’’ վարկային բաղադրիչի շրջանակում կազմակերպությունը մեկնարկել է նոր լիզինգային ծառայություն, որի գործընթացը ընդլայնման մեծ միտում ունի 2010 թվականին` ներառելով 50 միավոր գյուղատնտեսական տրակտորներ և արտադրական սարքավորումներ:

Ա. Գաբրիելյանը նշեց, որ 2010թ. բեկումնային և աշխատատար տարի է լինելու անդամ-փայատերերի և աշխատակազմի համար` Կոոպերատիվի աշխատանքների  ծավալների ընդլայնման  գործում:

Ժողովի ընթացքում անդամ- փայատերերը հանձնարարեցին Դիտորդ խորհրդի անդամներին և գործադիր մարմնին`  ուղերձով դիմել  ՀՀ կառավարությունը  և ՀՄՀ – Հայաստան ծրագրի Կառավարման Խորհրդին  Ֆարմ Կրեդիտին  լրացուցիչ կապիտալ միջոցներ  տրամադրելու խնդրանքով:

Ելույթ ունենալով ժողովում դեսպան Մարի Յովանովիչը  շնորհավորեց ժողովին ներկա Ֆարմ Կրեդիտի անդամ-փայատերերին ` թափանցիկ և ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող իրական կոոպերատիվ լինելու համար,նշելով, որ Ֆարմ Կրեդիտը  կարող է  գործող իրական կոոպերատիվի օրինակ հանդիսանալ Հայաստանում:

 Նա հորդորեց Ֆարմ Կրեդիտի անդամներին` իբրև կոոպերատիվի սեփականատերերի, վերահսկողների և շահառուների, իրենց ակտիվ մասնակցությամբ նպաստել կոոպերատիվի զարգացմանը և հզորացմանը:

Ֆրեդ Ջոնսթոնը, Հայաստանում և Վրաստանում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի գրասենյակի համակարգողը,  իր խոսքում նշեց, որ Ֆարմ  Կրեդիտը ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ամենահաջողված ծրագրերից մեկն Անդրկովկասում  և  Գյուղդեպարտամենտը կշարունակի աջակցություն ցուցաբերել “Ֆարմ Կրեդիտ”-ին մինչև վերջինիս կայուն դառնալը:

Նա նաև նշեց, որ 1920-ական թթ. ԱՄՆ կառավարության աջակցությամբ   ֆերմերները  ստեղծել են կոոպերատիվ վարկավորման բանկային հզոր համակարգ, որի մեկնարկային կապիտալը ժամանակին տրամադրել  է ԱՄՆ Կառավարությունը, իսկ ֆերմերները տարիներ անց  հետ են վճարել գումարը:

 

Վերադառնալ նախորդ էջ