"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը մասնակցեց 2014 թ. Կոոպերատիվների միջազգային գագաթաժողովին

2014-10-20

Ս.թ. հոկտեմբերի 6-9-ը Կանադայի Քվեբեք քաղաքում տեղի ունեցավ "Կոոպերատիվների ինովացիոն ուժը" խորագրով 2014թ. կոոպերատիվների միջազգային գագաթաժողովը: Գագաթաժողովը անցկացվում է երկու տարին մեկ և հնարավորություն է տալիս կոոպերատիվների ղեկավարներին նորանոր փորձ և գաղափարներ մշակել զարգացնելու իրենց բիզնեսները` միևնույն ժամանակ տարածելով կոոպերատիվ բիզնես մոդելը ողջ աշխարհում:

Այս տարվա գագաթաժողովը կոոպերատիվների ոլորտում որոշումներ կայացնողների և առաջնորդների համար բացառիկ հնարավորություն էր հանդիպել, քննարկել և իրենց մտահոգությունները հայտնել բիզնեսի ներկա և ապագա մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև քաջատեղյակ լինել միջազգային զարգացումների միտումներին և կոոպերատիվների գլոբալ շարժմանն ու դրանց կողմից առաջարկվող հնարավորություններին:

Վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ կոոպերատիվների շարժումը հրավիրված էր Մեծ 20-յակի քննարկումներին և համագործակցում էր այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), ՄԱԿ-ը, Առողջապահության միջազգային կազմակերպությունը, Սննդի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկը:

Գագաթաժողովի շրջանակներում Ֆարմ Կրեդիտի ղեկավարը հանդիպումներ ունեցավ մի շարք կոոպերատիվների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Գերմանական Կոոպերատիվների Ակադեմիայի միջազգային ծրագրերի ղեկավար Ռուդիգեր Մեյստերի հետ: Մեյստերի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի և "ԳԿԱ" միջև համագործակցության հեռանկարներն ու զարգացումները: Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում ավելի հաճախակի համատեղ սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ կազմակերպել միջազգային լավագույն փորձը ոլորտի մասնագետներին փոխանցելու նպատակով:

Գագաթաժողովին ներկայացրած մի շարք զեկույցների համաձայն՝ աշխարհում 2,6 միլիոն կոոպերատիվներ կան՝ 1 միլիարդ անդամներով և 250 միլիոն աշխատատեղերով: Մեծ 20-յակի երկրների շարքում, կոոպերատիվները կազմում են աշխատատեղերի 12%-ը, որոնց տարեկան շահույթը կազմում է 3000 միլիարդ ԱՄՆ դոլար: Ըստ այդ զեկույցների՝ կոոպերատիվ բիզնես մոդելը վերջին տարիների ընթացքում բարելավել է առողջապահության ոլորտի գործունեությունը, իջեցրել գործազրկության բարձր մակարդակը, նպաստել անհավասարության դեմ մղվող գործունեությանը:

Գագաթաժողովի վերջում գագաթաժողովի մասնակիցներին ներկայացվեց 2014թ. գագաթաժողովի հայտարարությունը, որի հիմնական կետերից էին գլոբալ մակարդակով ֆինանսական ինստիտուտների դերի բարձրացումը, գյուղֆինանսավորման միջոցով սննդի վերամշակման և պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, նորարար որոշումների կայացումը՝ ուղղված առողջապահության և սպասարկման ոլորտի բարելավմանը, նոր նախաձեռնությունների մշակումը՝ ի շահ կոոպերատիվ բիզնեսների զարգացման և կապիտալացման, և այլն:

Վերադառնալ նախորդ էջ