CIBP միջազգային ընկերության գլխավոր քարտուղար Անդրեա Քարների հոդվածը Ֆարմ Կրեդիտի տասնամյա տարեդարձի մասին

2018-01-12

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի տասնամյակի առթիվ միջազգային պատվիրակություն էր այցելել կովկասյան այս երկիր: Սա ճանապարհորդություն էր դեպի մարդկության բնօրրան և նաև դեպի կոոպերատիվների հիմնադրման պատմություն:
Հայաստանի տարբեր անկյուններից կարելի է հիմանալ մշտապես ձյունապատ հրաբխային Արարատ լեռով: Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակից սկսած մարդիկ բնակություն են հաստատել նրա լանջերին: Թեև լեռն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն շարունակում է մնալ հայկական զինանշանի կենտրոնական մասնիկը: Հայկական կոնյակը՝ երկրի ամենահայտնի արտահանվող ապրանքը, ևս Արարատ լեռան անունով է կոչվում: Երևանի կոնյակի գործարանը ավելի քան 150 տարի արտադրում է այս խմիչքը:
Համաձայն ավանդության՝ ջրհեղեղից հետո Նոյն իր տապանով կանգ առավ Արարատ լեռան գագաթին և հենց այնտեղ հիմնեց գինու առաջին այգիները: Նոյյան տապանից մի մասունք այսօր պահվում է Էջմիածնի թանգարանում: Էջմիածինը քրիստոնյա հայության համար կարևորագույն հոգևոր կենտրոն է, որը հիմնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը չորրորդ դարի սկզբին հեթանոսական տաճարի ավերակների վրա:
Կովկասի եզրին գտնվող այս երկիրը գրեթե Բելգիայի մեծության տարածք ունի և սահմանակից է Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին և Թուրքիային: Պաշտոնական տվյալների համաձայն բնակչությունը կազմում է երեք միլիոն: Եթե տեղում մարդկանց հետ զրուցես, ապա, ըստ նրանց, երկիրն առավելագույնը երկու միլիոն բնակիչ ունի, որի կեսը ապրում է մայրաքաղաք Երևանում: Շուրջ տասը միլիոն հայեր հարյուրամյակներ շարունակ ապրում են սփյուռքում: 1915 թվականի թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից հետո, որը մեկ ու կես միլիոն հայերի կյանք խլեց, հիմնադրվեցին համայնքներ Լիբանանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 20-րդ դարի 90-ական թվականների ծանր տնտեսական ճգնաժամի հետևանքով, որն իր մեջ ներառեց նաև Ադրբեջանի հետ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ստիպեց շատ հայերի արտագաղթել Ռուսաստան՝ մասնավորապես Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ: 

Ծանր կյանք գյուղական բնակչության համար

Արևելքի և Արմուտքի հարևանների հետ ունեցած թշնամության հետևանքով՝ այսօր երկրում մնացած բնակչության համար հիմնական առևտրային գործընկերները Իրանը և Ռուսաստանն են: Գյուղական ազգաբնակչության կյանքը ծանր է և չարքաշ: Երկրի տարածքի կեսը  ծածկված է անհարթ հրաբխային քարերով, որոնց բարձրությունը երբեմն հասնում է մինչև 4000 մետրի: Վարելահողերը երկրի տարածքի ընդամենը 17 տոկոսն են կազմում, իսկ արոտավայրերը՝ մեկ քառորդը: Արարատի ստորոտին գտնվող բերքատու դաշտավայրում աճում են նուռ, ծիրան, դեղձ, խաղող և թուզ, որոնք ճանապարհի եզրերին վաճառքի են դրված: Կլիման ցամաքային է՝ մինչև 40 աստիճանի հասնող շոգ ամառներ և ցրտաշունչ ու ձյունառատ ձմեռներ: Ինչպես գյուղացիներից տեղեկացանք, ամռան ամիսներին երբեմն կարճ և խիստ կարկուտը փչացնում է բերքը, որը ապահովագրված չէ:
Կոպիտ, վայրի բնության գեղեցկությունը, որը մարդը հարյուրավոր տարիներ առաջ զարդարել է քարակերտ եկեղեցիներով և վանքերով, ձուլվում է մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանի հետ: Քաղաքի հիմնաքարերը Քրիստոսից առաջ 782 թվականին հիմնադրված Էրեբունի քաղաքինն են: Այդ անունով է հիմա կոչվում քաղաքի թաղամասերից մեկը, որը կենտրոնից շուրջ չորս կիլոմետր հարավ-արևելք է գտնվում: Այնտեղ կարելի է հիանալ համարյա 3000 տարվա հնության հզոր պարիսպներ ունեցող միջնաբերդով, պալատի ավերակներով և կժերի հսկայական շտեմարաններով:

Վարկային կոոպերատիվի անդամները

Մենք լքում ենք քաղաքը և Մ2 միջպետական ճանապարհով ուղևորվում ենք Վայոց ձորի մարզ՝ այցելելու Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի անդամներին: Արենին ընկած է Ամաղուի կիրճում, որը տանում է դեպի Նորավանքի վանական համալիր: Իր գինիներով հայտնի այս գյուղը 2010 թվականին սենսացիոն հնագիտական պեղումների արդյունքում հայտնվեց մամուլի գլխավոր վերնագրերում. արտասովոր փակ հրաբխային ժայռի լայն քարանձավներից մեկում հայտնաբերվել էր բրոնզեդարյան ժամանակաշրջանի կաշվե անվնաս կոշիկ: Պեղումների ժամանակ հայտնաբերված խաղողի ողկույզների հետազոտությունը ցույց տվեց, որ դեռ 5000 տարի առաջ էլ այստեղ եղել են խաղողի այգիներ, որոնք մինչ այսօր վայրի կերպով աճում են հովտի ժայռոտ լանջերին:
Արենիի գինու գործարանի հիմնադիրը պատմում է այդ հինավուրց խաղողի վազերի ուժի և հզորության մասին, որոնք նա ճզմում է ոչ միայն տակառներում, այլ նաև հին հայկական սովորույթի համաձայն մեծ կավապատ կճուճներում, որոնք նա հաստ մոմե շերտով է փակում: Մուգ կարմիր քաղցր գինին համտեսում ենք համեղ ավանդական ճաշի ժամանակ՝ թարմ կանաչիներով, լավաշով (հովիվների հացով), լոլիկով, վարունգով և գազարով, որոնք թաթախում ենք մածունի մեջ, դրա հետ միասին ոչխարի պանիր և նուրբ կտրտած բաստուրմա, ապխտած տավարի միս և սուջուխ (սալամիի տեսակ), ինչպես նաև տոլմա՝ լցոնած բանջարեղեն և խաղողի տերևներ:
Մինչ կաթնամթերքի գործարան գնալը, որը հիմնականում մասնագիտացած է այծի կաթից մթերքների արտադրությամբ, այցելում ենք Նորավանք, որը 13-րդ դարում Սյունիքի իշխանները կառուցել են որպես եպիսկոպոսի նստավայր: Չափազանց տպավորիչ տեսարան է. քիչ առաջ մի ընտանիք Սուրբ Կարապետ վանքում կնունք էր տոնում: Արարողակարգից հետո քահանան ողջունում և օրհնում է արտասահմանցի հյուրերին և մեզ բացատրում տարածքի ճարտարապետական առանձնահատկությունները: Նա տաղանդավոր լուսանկարիչ է և զարմացնում է մեզ իր կողմից արված "Սուրբ Ստեփանոս" եկեղեցու ձմեռային տեսարանների լուսանկարներով:

Նոր մասնաճյուղ հոբելյանին

Դեպի Երևան հետադարձ ճանապարհին ՖԿԱ-ի մասնաճյուղերից մեկում տեղեկանում ենք, թե ինչպես են վարկային դիմումները քննվում, և որ մասնաճյուղերից ոչ մեկում կանխիկ գումար չի հավաքվում: Կոոպերատիվ բանկի տասնամյա հոբելյանին՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին, Մյասնիկյան գյուղում բացվում է տասներորդ գրասենյակը: Երևանում տոնական միջոցառմանը կոոպերատիվի նախագահ Արմեն Գաբրիելյանը իր ողջյունի խոսքն է ուղղում 200 հյուրերին, որոնց թվում են Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Գերմանական կոոպերատիվների ակադեմիայի տնօրեն Ռուդիգեր Մայսթերը, Ռուսաստանի վարկային միությունների լիգայի նախագահ Տատյանա Իվաշկինան և նաև ես՝ որպես CIBP-ի գլխավոր քարտուղար:

Համառոտ տեղեկատվություն

Ֆարմ Կրեդիտ Արմենիա

Հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից
Գործունեությունը՝ գյուղատնտեսության և ՓՄՁ-ների ֆինանսավորում, գյուղատնտեսական մեքենաների լիզինգ
ԳԳՏ/Նախագահ՝ Արմեն Գաբրիելյան
Անդամներ՝ 6.800
Աշխատակիցներ՝ 85
Գրասենյակներ՝ 10
Ակտիվներ՝ 22,4 մլն ԱՄՆ դոլար
Սեփական կապիտալ՝ 2,9 մլն ԱՄՆ դոլար

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվն անցկացրեց հերթական տարեկան ժողովները

2015-02-10 Հունիսի 5-ից 18-ը ՀՀ յոթ մարզերում (Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն, Վայոց ձոր, Սյունիք,...

Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը մասնակցեց Ռուսաստանի վարկային միությունների լիգայի 12-րդ ամենամյա ֆորումին

2015-02-10 Ռուսաստանի վարկային միությունների լիգայի հրավերով ս.թ. մայիսի 23-ից 25-ը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"...

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն մասնակցեց Եվրոպայի կոոպերատիվների միության ամենամյա համաժողովին

2015-02-10 Մայիսի 16-19-ը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի Գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ Արմեն...