ԳԳՏ / Նախագահի և Դիտորդ խորհրդի նախագահի ուղերձը

 

Հարգելի՛ անդամ-փայատերեր,

Հայաստանում միակ վարկային կոոպերատիվն իր տասնամյա հոբելյանի առթիվ դիմում է ձեզ։


Որդեգրելով ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի լավագույն փորձը և զարգացնելով այն հայկական իրականության պայմաններում՝ անցած տասը տարիների ընթացքում "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը կարողացավ կայանալ և իր ուրույն տեղն ունենալ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և փոքր և միջին բիզնեսի  վարկավորման ոլորտում:


Հարթ չէին այդ տասը տարիները, սակայն հաղթահարելով խոչընդոտները, մենք դարձանք էլ ավելի ուժեղ, հաստատակամ և նպատակասլաց: Ինչ խոսք, դժվար էր կայանալ և աճել ՀՀ ֆինանսական շուկայում տիրող խիստ մրցակցության պայմաններում, բայց մեր թիմի համախմբված աշխատանքի շնորհիվ այսօր կայացած ենք, ինքնաբավ և ինքնաշխատ:


Երբ ստեղծվում էր "Ֆարմ Կրեդիտ"-ը, շատերն էին թերահավատ: Մեր ծնունդը համընկավ միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ, ոչ ոք չէր կարող գուշակել մեր ապագան, բայց մենք կարողացանք հաջողությամբ հաղթահարել մեզ վիճակված  ժամանակի փորձությունը:
Մեր կոոպերատիվը ստեղծվել է ֆերմերների կողմից ֆերմերների համար, և նրա հիմնադիրներն առաջնորդվել են "Համագործակցություն ի շահ բոլորի" նշանաբանով՝ ի բարօրություն աշխատող, արարող մարդկանց:  Չշեղվելով  մեր որդեգրած արժեքներից և տեսլականից՝ շարունակել ենք հետևողականորեն ներդնել կոոպերատիվ վարկավորման սկզբունքները՝ մատուցելով այդ սկզբունքների վրա հիմնված մատչելի վարկային ծառայություններ:


Հարկ ենք համարում նշել Դիտորդ խորհրդի և գործադիր կազմի համագործակցված աշխատանքը կազմակերպության կայացման և կառավարման գործում: Համաձայն մեր կանոնադրության՝ յուրաքանչյուր մարզ Դիտորդ խորհրդում ունի մեկական ընտրված ներկայացուցիչ, ովքեր համատեղ քննարկում են և ընդունում կազմակերպության ռազմավարական որոշումները:
Համատեղ պատկերացնում ենք այն մեծ պատասխանատվությունը, որը տրված է Դիտորդ խորհրդին և գործադիր ղեկավարությանը կազմակերպության ռազմավարական և մարտավարական որոշումների ընդունման գործում: Մենք միասնական թիմով փորձում ենք լուծել  պատմության հրամայականով մեզ վիճակված մարտահրավերը՝ կայացնել և զարգացնել Հայաստանի Հանրապետության առաջին և միակ վարկային կոոպերատիվը:


Մենք մեր կառուցվածքով էապես տարբերվում ենք այլ վարկային կազմակերպություններից. անկախ փայամասնակցության չափից բոլոր մասնակիցներն ունեն մեկ ձայնի իրավունք: "Ֆարմ Կրեդիտ"-ը մեր փայատեր անդամների համար միայն վարկատու չէ: Անդամագրվելով կառույցին՝ նրանք դառնում  են կառույցի սեփականատեր՝ ամրագրելով իրենց փայամասնակցությունը կոոպերատիվի կապիտալում, ձեռք բերելով կանոնադրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները:
Նրանցից յուրաքանչյուրը իր փայամասնակցությամբ նպաստում է մեր երկրի զարգացմանն ու  առաջընթացին՝ վարկ ստանալու հնարավորություն ստեղծելով նաև այլ մարդկանց համար: Կարող ենք վստահեցնել, որ փայատերերից ընտրված Դիտորդ խորհուրդը աշխատակազմի հետ համատեղ իր գործունեություններում առաջնորդվում է բացառապես կազմակերպության անդամ-փայատերերի շահերի իրականացմամբ: Ժամանակին համընթաց "Ֆարմ Կրեդիտ"-ը կարող է դառնալ յուրօրինակ կոոպերատիվ ազգային կառույց՝ վերածվելով   ժողովրդական  կոոպերատիվ բանկի:


Մեր շնորհակալությունն ենք հայտնում այս տարիների ընթացքում մեզ մշտապես աջակցություն ցուցաբերած բոլոր միջազգային և տեղական գործընկեր-կառույցներին, ՀՀ Կենտրոնական բանկին, Գերմանահայկական հիմնադրամին:
Շնորհակալություն ենք հայտնում կոոպերատիվի անդամ-փայատերերին, մեր աշխատակազմին, Դիտորդ խորհրդի բոլոր անդամներին, առանց որոնց նվիրական ջանքերի հնարավոր չէր լինի հաջողությամբ հատել տասնամյա հետագիծը:


Հարգելի՛ անդամ-փայատերեր,
Այսօր՝ տասը տարի անց, հիշում ենք մեր անցած ուղին և հպարտությամբ փաստում, որ անշրջելի է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի առաջընթացը:
Մենք շարունակում ենք վստահ, կայուն և խելամիտ քայլերով առաջ մղել մեր կոոպերատիվը՝ ի շահ գյուղական համայնքների բնակիչների, փոքր ու միջին բիզնեսների սեփականատերերի, ի շահ մեր բոլոր փայատերերի:
Մեր դռները շարունակում են բաց մնալ բոլոր մեր հայրենակիցների համար, ովքեր ամենօրյա քրտնաջան և արդար աշխատանքով նպաստում են մեր երկրի ամրապնդմանը: