Նարեկ Այվազյան և Ազատ Ավետիսյան


 

Երկու ընկերների համատեղ այս տնտեսությունը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի հետ համագործակության լավագույն օրինակներից է: Անդամագրվել են 2012թ.-ից:
Գործունեության սկիզբը հիշելիս Ազատ Ավետիսյանը պատմում է, որ 5 տարի առաջ իրեն 1 ոչխար էին նվիրել և չգիտեր ինչ անել այդ ոչխարին, ուստի խնդրում է ընկերոջը՝ Նարեկին, իր մյուս ոչխարների հետ ժամանակավոր պահել: Այդպես էլ աստիճանաբար զարգանում է համատեղ ձեռնարկի միտքը, սկսում և զարգացնում են տնտեսությունը՝ այսօր արդեն հասնելով մոտ 1600 գլուխ անասունի: Նարեկը և Ազատը աշխատանքի հավասար բաժանում են կատարել. Նարեկը զբաղվում է հիմնականում կենդանիների խնամքի, կերակրման գործընթացների վերահսկմամբ, իսկ Ազատը պատասխանատու է մսի վաճառքի կազմակերպման և ֆինանսական հարցերի վերահսկման համար:
Ընկերները նշում են, որ ոչխարաբուծության մեջ ամենադժվար շրջանը փետրվարից ապրիլ ամիսներն են, որը համընկնում է կենդանիների բազմացման շրջանի հետ: Մայիսի առաջին տասնօրյակից սկսվում է քոչը: Ոչխարները ողջ ամառը լինում են սարերում՝ հովիվների հսկողության տակ: Ամառվա ընթացքում մոտ 3 անգամ ավելի բարձր հատվածներ են տեղափոխվում, քանի որ հնարավորինս զով և ցուրտ վայրերում պետք է պահվեն: Օգոստոսի վերջից աստիճանաբար իջնում են և արդեն կազմակերպվում է վաճառքը: Հիմնականում հանձնում են սպանդանոցներ:
Ոչխարաբուծության մեջ ամենածախսատար շրջանը իհարկե ձմռանն է, երբ հարկավոր է անհրաժեշտ քանակով կեր պահեստավորել կենդանիների համար: Գառները ծնվում են փետրվարին, մոր կաթը ուտում են մոտ 1 ամիս, ապա նրանց ևս տանում են արոտավայրեր, որտեղ սկսվում են սնվել խոտով:
Ինչպես նշում է Նարեկ Այվազյանը, այս գործում յուրաքանչյուր մանրուքի վրա պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի հնարավորինս լավ արդյունքներ ստանաս: Պետք է վերահսկել թե՛ բազմացման շրջանը, որպեսզի գառները ծնվեն այնպիսի սեզոնի, երբ եղանակն ավելի բարենպաստ է նրանց պահելու համար, թե՛ նրանց կերակրման կարգը և թե՛ հովիվներին, որոնք թերևս ամենամեծ դերն ունեն այս գործում: Դրա համար էլ ընկերները հաճախակի բարձրանում են սարեր իրենց հովիվներին այցելելու և նրանց անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար:
Ազատն ու Նարեկը հիմնականում զբաղվում են մսի վաճառքով, թեև մի ժամանակ կազմակերպում էին նաև կաթի և ոչխարի բրդի վաճառքը: Այժմ անասունների քանակի շատացման արդյունքում դրանք կազմակերպելը դժվարացել է, ուստի հիմնականում զբաղվում են մսի վաճառքով: Միջին հաշվարկով վաճառքի պատրաստ ոչխարները հիմնականում կշռում են 25կգ, որից մաքուր մսի քաշը 10կգ է:
Ընկերներն այս տնտեսությունը սկսել են ընդամենը 17 գլուխ ոչխարներով, "Ֆարմ Կրեդիտ"-ին անդամագրվելու պահին նրանք ունեին 165 գլուխ կենդանի, իսկ այսօր՝ 5 տարի անց, հաջողությամբ կազմակերպելով իրենց տնտեսությունը, հպարտորեն հասել են ընդհուպ մինչև 1600-ի: Ի պատասխան "Ֆարմ Կրեդիտ"-ին նվիրվածության՝ Ազատն ու Նարեկը միշտ գիտեն, որ ցանկացած նոր ձեռնարկի դեպքում իրնեք կարող են ապավինել սեփական կայուն ու վստահելի ֆինանսական կառույցին: