Վարուժան Մուրադյան, "Վան Արդի" ՍՊԸ


"Ֆարմ Կրեդիտը քո փոխարեն գնահատում է գործարարի ռիսկերը, ճիշտ ուղղություն ու խորհուրդ տալիս քեզ…"

Վարուժան Մուրադյանն այն հայրենասերներից է, ովքեր արտասահմանում երկար տարիներ ապրելով և ծավալելով որոշակի գործունեություն, ի վերջո վերադարձել են հայրենիք՝ հարազատ հողի վրա փորձելու ստեղծագործել և բարիք ստանալ:
Արտասահմանում աշխատել է ֆինանսական ոլորտում, սակայն գրասենյակային աշխատանքն աստիճանաբար դադարեց հետաքրքիր լինել պարոն Մուրադյանին, և, ցանկանալով ստեղծագործ աշխատանք կատարել, նա որոշեց հիմնադրել այս գինեգործարանը: 2008թ.-ին գնեց հողատարածք, տնկեց առաջին այգիները, "Ֆարմ Կրեդիտ"-ից ստացված դրամական միջոցներով Ֆրանսիայից և Իտալիայից ձեռք բերեց անհրաժեշտ սարքավորումները, հնեցման տարրաները, ուսումնասիրեց գինու պատմությունը, ինչպես ինքն է նշում՝ գինու մեղուն իրեն կծեց և անցավ գործի: Տակառները, որոնցում պահվում է գինին, բերված են Լեռնային Ղարաբաղից և Ֆրանսիայից:
Բացի սեփական խաղողի այգիներից մթերում է նաև տարածաշրջանի այլ այգեգործների բերքը: Վան Արդի անունը բառացիորեն նշանակում է "Վանի Արև". անվանումը պայմանավորված է նրանով, որ պարոն Մուրադյանն ունի վանեցու արմատներ և իր ապրանքանիշի անվան միջոցով փորձել է փոխանցել իր պապենական հողերի արևն ու աշխատանքի ջերմությունը, որն այսօր ներդնում է գինեգործարանի ողջ արտադրական գործընթացի մեջ:
Վարուժան Մուրադյանը միշտ նշում է, որ ցանկանում է գինի արտադրել ոչ թե պարզապես վաճառելու համար, այլ այն դարձնելու ընտանեկան մշակույթ և փոխանցելու սերնդեսերունդ: Այժմ Վան Արդի գինիներն իրենց ուրույն տեղն ունեն տեղի և արտասահմանյան շուկայում: Դրանք լիիրավ կերպով մասնակցում են մի շարք մրցույթների տարբեր երկրներում և մրցանակներ շահում իրենց համային բարձր որակի շնորհիվ:
"Արտերկրում և Հայաստանում մի շարք վարկատուների հետ եմ աշխատել, սակայն միշտ զգացել եմ, որ յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, իսկ Ֆարմ Կրեդիտի դեպքում այլ է. ես այստեղ աշխատանքի հիմքում զգում եմ մարդկային հարաբերությունների արժեքները: Ֆարմ Կրեդիտի բոլոր աշխատողները մարդկային առանձնահատուկ կերպար ունեն և իրենց պատրաստակամությամբ միշտ մեր կողքին են: Ֆարմ Կրեդիտին դիմելիս հանգիստ ենք այնպես, ինչպես պարտքով գումար կուզեիր հարազատ քեռուցդ":
Պարոն Մուրադյանի և Ֆարմ Կրեդիտի համագործակցությունը դեռ երիտասարդ է՝ ընդամենը 2 տարեկան, սակայն Ֆարմ Կրեդիտի աջակցությամբ տնկված և մշակված այգիներն ու գինեգործարանը այսօր իրենց բարիքներով վկայում են, որ այս համագործակցությունը տանում է դեպի համատեղ բարգավաճման, ինչը և ընկած է մեր վարկային կոոպերատիվի սկզբունքների հիմքում: