Հենրիկ Եվրեյան


 

"Ցանկացած նոր գործ ձեռնարկելիս գիտենք, որ կա մի կառույց, որին կրկին ու կրկին կարող ենք դիմել սեփական տան նման…"

Հենրիկ Եվրեյանը Ֆարմ Կրեդիտի այն բազում անդամ-փայատերերից է, ովքեր իրենց գործունեությունը սկսել և զարգացել են Ֆարմ Կրեդիտի հետ:

Հենրիկ Եվրեյանը Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն տնտեսվարողներից է: Նրա ձկնալճերի ընդհանուր ծավալը ներկայումս կազմում է շուրջ 4 հեկտար, որտեղ աճեցվում է հիմնականում իշխան ձկնատեսակը: Եվրեյանների տնտեսությունը ընտանեկան և սերնդեսերունդ փոխանցվող աշխատանքի վառ օրինակ է: Այստեղ աշխատում են երեք եղբայրները և իրենց հայրը՝ Դերենիկ Եվրեյանը, որն էլ հիմնադրել է տնտեսությունը. տարիներ առաջ՝ 1971թ.-ին,  հաստատվելով Հովտաշատ գյուղում (Մասիսի տարածաշրջանի ամենամեծ գյուղն է, գյուղմթերքի շուկայի առաջատարներից)՝ նա սկսել է զբաղվել հողագործությամբ, տարբեր մշակաբույսերի և պտղատու ծառերի աճեցմամբ: Այնուհետև, որդիներին ներգրավելով, 2007թ.-ին կառուցել է առաջին ձկնալիճը, և աստիճանաբար Եվրեյան ընտանիքը մեծացրել է և ծաղկեցրել բազմաճյուղ տնտեսությունը. այսօր իրենց 12 հեկտար հողատարածքով (մշակում են ձմերուկ, ծիրան, պղպեղ և այլն) և 4 հեկտար տարածությամբ ձկնալճերով նրանք համարվում են Ֆարմ Կրեդիտ Արմենիայի խոշորագույն անդամ-փայատերերից: Ամենածանր տարիները ինձ համար պատանեկության տարիներն էին, երբ ես գերազանցությամբ սովորում էի 8-րդ դասարանում, սակայն ստիպված եղա ամբողջությամբ ժամանակս և ուժերս տրամադրել մեր նորաստեղծ տնտեսությանը, - ասում է Դերենիկ Եվրեյանը:

Հենրիկ Եվրեյանը մեզ պատմեց ծիածանափայլ իշխանի աճեցման առանձնահատկությունները. արտասահմանից ներկրվում է ձկնկիթը, որը հատուկ պայմաններում ապրում է առանձին ձկնալճերում, այնուհետև մեծանալով տեղափոխվում է հիմնական լճեր, որտեղ օրական 3 անգամ կերակրվում է հատուկ կերերով 1տարի և 2 ամիս և արդեն պատրաստ է լինում վաճառքի: Հիմնականում վաճառքի համար պատրաստ ձկները կշռում են 1կգ, սակայն առանձին դեպքերում աճեցվում են տարբեր քաշի ձկներ, ընդհուպ մինչև 1.7կգ: Ձկնալճերը ողջ տարվա ընթացքում հատուկ վերահսկողության տակ են աշխատակիցների կողմից, ովքեր պարբերաբար մաքրում են դրանք տիղմից և հետևում են ճիշտ ջերմաստիճանի պահպանմանը (14°-ը համարվում է իդեալական):

Հենրիկ Եվրեյանը Ֆարմ Կրեդիտի անդամ-փայատեր է դարձել ձկնալճերը կառուցելուց մոտ երկու տարի անց, երբ տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ եղավ ներգրավել նոր ֆինանսական միջոցներ: Եվրեյան եղբայրները նշում են, որ շնորհիվ Ֆարմ Կրեդիտի իրենք կարողացել են արագ քայլերով զարգացնել տնտեսությունը և այնպես կազմակերպել այն, որ հասնեն հաջողության: Ի պատասխան Ֆարմ Կրեդիտի աջակցության՝ նրանք հպարտորեն փաստում են, որ այս տարիների ընթացքում մշտապես ժամանակին և պարտաճանաչությամբ են կատարել մարումները, և ցանկացած նոր գործ ձեռնարկելիս գիտեն, որ կա մի կառույց, որին իրենք կարող են կրկին ու կրկին ապավինել "սեփական տան նման":