Ռոլանդ Սուսունյան


"Հայրս Ֆարմ Կրեդիտի հաճախորդն էր, ուստի կառույցի ղեկավարի և նրա թիմի հանդեպ ունեցած վստահությունը հորիցս ժառանգաբար փոխանցվել է ինձ…" 

Ռոլանդ Սուսունյանը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի առաջին անդամ-փայատերերից է: Անդամագրվել է 2009թ.-ից և արդեն վարկավորվել 8 անգամ: Զբաղվում է այգեգործությամբ և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ: "Ֆարմ Կրեդիտ"-ի հետ իր համագործակցության սկիզբը վերհիշելիս Ռոլանդը պատմում է.

"Հայրս դեռ "Ակբա" բանկից ճանաչում էր "Ֆարմ Կրեդիտ"-ի ղեկավարին, ուստի թիմի հանդեպ վստահությունը կարելի է ասել հորիցս ժառանգաբար փոխանցվել է ինձ: Հիշում եմ առաջին վարկը, որի համար դիմեցի, 10մլն դրամ էր կազմում: Այլ բանկերից մերժումներ էի ստացել, ուստի դիմեցի "Ֆարմ Կրեդիտ"-ին. դժվար էր, քանի որ չունեի սեփական գույք, որպեսզի գրավ դնեմ և ստանամ անհրաժեշտ գումարը: Ստիպված եղա քեռուս ընկերոջ գույքը գրավադնել, և դժվարությամբ, սակայն հաջողվեց "Ջրից դեպի շուկա" ծրագրի շրջանակներում "Ֆարմ Կրեդիտ"-ի միջոցով ստանալ անհրաժեշտ 10 մլն դրամը:

Վարկը ստանալուց հետո անմիջապես գործի անցա. գնեցի գյուղտեխնիկա, սկսեցի ինտենսիվ մշակել հողը, ավելացրինք մեր այգիները: Իհարկե դժվար էր այդ ժամանակ, քանի որ միայն 100.000 դրամ ամսական տոկոսագումար էի վճարում, սակայն կարողացա հաջողության հասնել և երկու տարում մարեցի վարկս…"

Սկզբում Ռոլանդ Սուսունյանը հիմնականում զբաղվում էր լոլիկի մշակությամբ, այնուհետև նորանոր պտղատու ծառեր տնկեց և ընդլայնեց տնտեսությունը, ինչի արդյունքում կարողացավ մի քանի տարում հանել քեռու ընկերոջ գրավադրված գույքը: Ռոլանդը հպարտությամբ նշում է. "Շուտով կարողացա սեփական տուն և նոր հողեր գնել և արդեն միայն իմ սեփական գույքն էի գրավադնում":

Այժմ Ռոլանդ Սուսունյանի տնտեսությունն ընդգրկում է շուրջ 7 հեկտար հողատարածք, որտեղ նա զբաղվում է սալորի, դեղձի, խնձորի, կեռասի, տանձի, ծիրանի և խաղողի մշակությամբ: Բերքի մեծ մասն իրացվում է տեղում վերավաճառող անհատների միջոցով, մյուս մասը պահվում է հատուկ սառնարանային խցիկներում՝ ավելի ուշ թանկ վաճառելու նպատակով: "Ֆարմ Կրեդիտ"-ից ստացած վերջին վարկով նա նաև վերանորոգել և ընդլայնել է իր սառնարանային տնտեսությունը ավելի մեծ քանակությամբ բերք պահելու համար: Այգիների մշակությունը ևս իրականացվում է սեփական տրակտորներով, որոնք ձեռք է բերել "Ֆարմ Կրեդիտ"-ի ֆինանսավորմամբ: Բացի այդ Ռոլանդ Սուսունյանը զբաղվում է տնկիների աճեցմամբ և վաճառքով. տարեկան պատվաստում է մոտ 7000 տնկանյութ, որից վաճառվում է նվազագույնը 5000 հատը:

Բարեկամների գույքը գրավադնելուց հասնելով մինչև սեփական անշարժ գույքի և գյուղտեխնիկայի ձեռքբերմանը, 1 սառնարանից հասնելով 8-ի, փոքր հողակտորից աճելով մինչև 7 հեկտարի՝ Ռոլանդ Սուսունյանը "Ֆարմ Կրեդիտ"-ի հետ անցել է տասնամյա երկար ու դժվարին ճանապարհ, սակայն այսօր արդեն հանգիստ խղճով և վստահ նեցուկ ունենալով կարողանում է ավելի մեծ ու լուրջ քայլեր կատարել:

"Սկզբում խնդիրս միայն գրավներն էին. այժմ արդեն դա խոչընդոտ չէ ինձ համար: Իմ վարկային գիծն ավելի մեծ ֆինանսական միջոցների հնարավորություն է տալիս, քան ես վերցնում եմ, սակայն առկա ֆինանսատնտեսական անկայունության պայմաններում չեմ ուզում մեծ ռիսկի դիմել: Նույն  խորհուրդը ստանում եմ նաև "Ֆարմ Կրեդիտ"-ի մեր աշխատակիցներից, որոնք իրապես մտածում են մեր մասին. "Ֆարմ Կրեդիտ"-ում ինձ լիովին ընտանիքի անդամի պես են վերաբերվում: Հիշում եմ՝ 2007-2008թթ. վարկերը ստանում էինք հենց գլխամասից՝ "Ֆարմ Կրեդիտ"-ի "առաջին դեմքերից". սակայն ամենակարևորն այն է, որ այսօր էլ մեր մասնաճյուղի աշխատակիցները պահպանել ու շարունակում են նույն արժեքներն ու վերաբերմունքը, ինչն ի սկզբանե ստանում էինք իրենց ղեկավարներից":