Տրակտորների բացառիկ ցուցահանդես Արարատի մարզում

2010-04-27

2010թ. ապրիլի 22-ին Արարատի մարզի Դիմիտրով համայնքում`ՖԿԱ անդամ-փայատեր Հենրիկ Եղիազարյանին պատկանող հողատարծքում, տեղի ունեցավ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ կողմից կազմակերպված  դաշտային յուրահատուկ մի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին չինական YTO մակնիշի տրակտորներ, այլ գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ:  ՖԿԱ-ն առաջիններից է, որը Հայաստանում իրականացնում է գյուղատնտեսական մեքենաների լիզինգ, այսպիսով հայ ֆերմերների համար մատչելի դարձնելով ժամանակակից տրակտորների և մեքենաների ձեռքբերումը:

Ցուցահանդեսի ընթացքում թվով 7 ֆերմերներ, այդ թվում նաև  մեկ կին ներկայացուցիչ,  հնարավորություն ստացան լիզինգային պայմանագրով ձեռք բերելու  50 տրակտորներից 7-ը:

Միջոցառումը բացեց ՖԿ գլխավոր գործադիր տնօրեն պրն. Արմեն Գաբրիելյանը, ով իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կառավարությանը`ի դեմս դեսպան տիկին Մարի Յովանովիչի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն. Ֆրեդ Ջոնստոնին ` Ֆարմ Կրեդիտի հանդեպ ցուցաբերած  մշտական խորը ուշադրության և աջակցության համար,  ինչպես նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի տնօրեն պրն. Արա Հովսեփյանին և մյուս ղեկավարներին,  ՀՄԿ Հայաստանի ներկայացուցիչ պրն. Ալեքս Ռասինին:

ԱՄՆ դեսպան տիկին Մարի Լ. Յովանովիչը կարևորեց ՖԿԱ-ի` որպես ՀՄՀ-Հայաստանի վարկային բաղադրիչի մասնակից կազմակերպության և Հայաստանում միակ ֆինանսական կոոպերատիվ կառույցի դերը` նշելով, որ ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից ստեղծված այս վարկատու կազմակերպությունը կարևոր դերակատարություն է ունի Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ ՀՄՀ-Հայաստանի միջոցներով`  ապահովելով գյուղատնտեսության ոլորտում ԱՄՆ կառավարության օժանդակության կայունությունը:

Իր ողջույնի խոսքում YTO GOURP-ի գլխավոր տնօրեն Հայհաո Սոնգը համառոտ ներկայացրեց YTO GROUP-ի գործունեությունը`նշելով, որ վերջինս շուկայի իր մասնաբաժնով և տրակտորների թվով հանդիսանում է Չինաստանում տրակտոր արտադրող առաջին ընկերությունը: Պրն. Սոնգը հույս հայտնեց, որ ՖԿ-ի հետ համագործակցությունը և բարեկամությունը երկարատև կլինեն:

Ելույթին հաջորդեց Փոխըմբռնման Հուշագրի ստորագրումը, որն ամրապնդեց երկկողմ համագործակցությունը: Ներկաները նաև հնարավորություն ունեցան ականատես լինելու բաց դաշտում տրակտորների փորձարկման աշխատանքներին:

Թե ֆերմերների և թե հյուրերի ցուցաբերած հետաքրքրությունն ու ոգևորությունը վերստին քաջալերեցին ՖԿ թիմին` հաստատուն քայլերով շարունակելու իր գործունեությունը` ի շահ Հայաստանի գյուղական բնակչության:

Վերադառնալ նախորդ էջ