Տեղի ունեցավ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ տարեկան ընդհանուր ժողովը

2011-03-18

2011թ. մարտի 16-ին “Մոսկվայի տուն” բիզնես-կենտրոնում տեղի ունեցավ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվի փայատերերի տարեկան ընդհանուր ժողովը:

Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ի 335 փայատեր անդամներից ժողովին ներկա էին ավելի քան 123 անդամ-փայատերեր: Ժողովին ներկա էին նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Վարկային կազմակերպությունների միության նախագահ Խորեն Քերոբյանը, ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական Բանկից, ԱՄՆ Գյուղդեպարտամենտից, Գյուղական Աջակցության Մարզային Կենտրոններից, այլ պաշտոնատար անձիք, հյուրեր:

Բացելով ժողովը “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը նշեց, որ ՖԿԱ-ն միակ ֆինանսական կոոպերատիվ կառույցն է Հայաստանում, որի փայատերերն են  ՀՀ  գյուղացիական տնտեսությունները, գյուղական համայնքներում գործող վերամշակող  և ՓՄ ձեռնարկությունները: Նա իր ելույթում անդրադարձավ 2010թ. ձեռքբերումներին, մասնավորապես` ՀՄՀ-Հայաստան “Ջրից դեպի շուկա” վարկային բաղադրիչի մասնակցությանը, Համաշխարհային Բանկի ՓՄՁ հասանելիության ծրագրում ներգրավմանը, երկու նոր` Արմավիրի և Արագածոտնի մարզերում աշխատանքների ծավալմանը, ինչպես  նաև խոսվեց 2011թ. անելիքների մասին:

Այնուհետ իր ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որն իր ելույթում կարևորեց ՖԿԱ դերը գյուղատնտեսության վարկավորման ոլորտում` որպես միակ ֆինանսական կոոպերատիվ կառույց Հայաստանում: Նա կարևորեց կոոպերատիվների ձևավորման դերը գյուղատնտեսության զարգացման համար` կոչ անելով ժողովին բոլոր ներկա գտնվողներին իրենց համայնքներում և գյուղերում բացատրական աշխատանքներ կատարել կոոպերատիվների վերաբերյալ` նշելով նաև, որ կոոպերատիվների ստեղծմանն առնչվող բոլոր հարցերը լինելու են հանրային քննարկման առարկա:

Պարոն նախարարի ելույթին հաջորդեց ՀՀ վարկային կազմակերպությունների միության նախագահ` Խորեն Քերոբյանի ելույթը: Վերջինս իր խոսքում նշեց, որ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն բավականին կարճ ժամանակաշրջանում հասցրեց  ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի ֆինանսական շուկայում և կարողացավ ներգրավվել ՀՄՀ-Հայաստան “Ջրից դեպի շուկա” , ինչպես նաև Համաշխարհային Բանկի “ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելիության” վարկային ծրագրերի մեջ:

Այնուհետև իրենց հաշվետվություններով հանդես եկան ՖԿԱ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/գործառնական տնօրեն Մուշեղ Պետրոսյանը, ՖԿԱ գլխավոր հաշվապահ Մեսրոբ Ավագյանը, “Բեյքեր Թիլլի Արմենիա” աուդիտորական ընկերության տնօրեն Փառանձեմ Գևորգյանը` կազմակերպության 2009 թվականի տարեկան աուդիտորական եզրակացության ներկայացմամբ:

Այնուհետև ՖԿԱ տարեկան ընդհանուր ժողովում հաստատման ներկայացվեց կազմակերպության Կանոնադրության որոշ կետերի փոփոխությունները, որին հաջորդեցին հարց/պատասխան ձևաչափի քննարկումներ, ինչպես նաև տեղի ունեցավ ՖԿԱ Դիտորդ Խորհրդի հերթական ժողովը:

Տարեկան ընդհանուր ժողովին հաջորդող օրը  "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Դիտորդ Խորհրդի անդամների և ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Ծառայությունների բաժնի Կովկասի Գյուղտնտեսության զարգացման կենտրոնի ծրագրային ղեկավար Փոլ Ստրասբերգի, ինչպես նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Հայաստանյան Գրասենյակի տնօրեն Ֆրեդ Ջոնսթոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կորպորատիվ կառավարման բարելավմանն  առնչվող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կողմից ֆինանսական աջակցության ցուցաբերման խնդիրներ:

Վերադառնալ նախորդ էջ