“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն նշում է իր 5-ամյակը

2012-09-19

Ս.թ. սեպտեմբերի 18-ին “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն նշեց իր հնգամյա տարելիցը Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տանը: Միջոցառմանը հրավիրվածների թվում էին` ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն,  ԱՄՆ գյուղդեպարտամենտի ներկայացուցիչ Լոուրենս Բարբիերին, “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” խորհրդատու Դուգլաս Ֆլորին, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ նախարարաություններից, Կենտրոնական Բանկից, տեղական և միջազգային կազմակերպություններից, բանկերից և վարկային կազմակերպություններից, այլ պաշտոնատար անձիք, ինչպես նաև ՖԿԱ շուրջ 200 անդամ-փայատերեր:

Իր ողջույնի  խոսքում “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը ողջունեց և շնորհավորեց ներկա գտնվողներին ՖԿԱ հնգամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, ԱՄՆ Գյուղդեպարտամենտին, ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգին, ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիային, ՀՀ Կենտրոնական Բանկին և գործընկեր կազմակերպություններին իրենց վստահության և աջակցության համար, ինչպես նաև ՖԿԱ անդամ-փայատերերին, Դիտորդ Խորհրդի անդամներին, անձնակազմին, առանց որի նվիրական ջանքերի հնարավոր չէր լինի հասնել հաջողության: Պարոն Գաբրիելյանը նշեց նաև, որ ՖԿԱ-ն հիմնադրվել է 57 անդամների կողմից, որոնց թիվը ներկայումս շուրջ 2000 է, ընդհանուր ակտիվները՝ 4 մլրդ ՀՀ դրամից ավելին, իսկ սեփական կապիտալը՝ 777 մլն ՀՀ դրամ:

Այնուհետև իր ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ով շնորհավորեց ներկա գտնվողներին ՀՀ ԿԲ անունից և նշեց, որ ՖԿԱ-ն այն հազվագյուտ ֆինանսական հաստատություներից է, որի վարկերի վերադարձելիությունը կազմում է շուրջ 100%, որը վկայում է վարկերի ռիսկերի կառավարման բարձր մակարդակի մասին: Ելույթի վերջում պարոն  Դարբինյանը հույս հայտնեց, որ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” –ն  կշարունակի իր արդյունավետ աշխատանքը և շնորհակալություն հայտնեց ՖԿԱ-ին ՀՀ ֆինանսական համակարգում և տնտեսական զարգացման մեջ իր ներդրման համար:

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցելու այս միջոցառմանը և հավելեց, որ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”–ն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի հաջողված ծրագրերից մեկն է, որը հիմնված է ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ մոդելի վրա և որը հետևում է այն սկզունքներին, ըստ որոնց կազմակերպության  վարկառուները հանդիսանում են նաև անդամ-փայատերեր՝ ունենալով որոշումներ կայացնելու  ձայնի հավասար իրավունք: Պարոն Դոնահյուն հավելեց նաև, որ ՖԿԱ-ն ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ կառույցն է և հույս հայտնեց, որ ՖԿԱ-ի և ԱՄՆ Դեսպանատան միջև հնգամյա համագործակցությունը շարունակական կլինի:

ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ներկայացուցիչ Լոուրենս Բարբիերին, ողջունելով ներկա գտնվողներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ էր ներառված լինելու և աջակցելու ՖԿԱ ծրագրի ստեղծման գործընթացին և հույս հայտնեց, որ ՖԿԱ զարգացումը կլին շարունակական:

ՖԿԱ Խորհրդի անդամ Ռաֆիկ Օհանյանն իր խոսքում նշեց, որ 5 տարվա պատմությունը շատ կարճ կենսագրություն է նման կազմակերպության համար և հավելեց, որ Տավուշի մարզի ֆերմերներից շատերն իրնեց տնտեսություններն ընդլայնել են ՖԿԱ կողմից տրամադրված վարկերի և լիզինգի շնորհիվ: ՖԿԱ-ն ֆերմերների կազմակերպությունն է, ստեղծված նրանց`ֆերմերների կողմից և ծառայելով նրանց կարիքներին:

ՖԿԱ խորհրդատու և Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի նախկին Խորհրդի անդամ Դուգլաս Ֆլորին նշեց, որ շատ հպարտ է եղել 2008-2010թթ. ապրել Հայաստանում և աջակցել և խորհրդատվություն տրամադրել  նորաստեղծ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” –ին՝ծավալելու իր գործունեությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի և Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի կողմից, որոնք տեխնիկական և կրթական աջակցություն են տրամադրել ՖԿԱ-ն:

Ելույթներից հետո տեղի ունեցավ Փոխըմբռնման հուշագրի  ստորագրում “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ-ի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության  PUM գործակալության միջև, համաձայն որի կազմակերպության անդամ-փայատերերը կստանան տեխնիկական աջակցություն իրենց հուզող գյուղատնտեսական խնդիրների շուրջ, ինչպես նաև գործնական խորհրդատվություն հոլանդացի մասնագետների կողմից: Պայմանագիրը ստորագրեցին Ֆարմ Կրեդիտ Արմենիա” գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը և PUM գործակալության  Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Լուի Կելֆկենսը:

Այնուհետ, հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու ֆիլմ՝ կազմակերպության հնգամյա պատմության, ձեռքբերումների վերաբերյալ, իսկ ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն` նշելու  համար այս նշանավոր իրադարձությունը:

 

Վերադառնալ նախորդ էջ