Ամառային դպրոց Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման համալսարանում

2013-08-24

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Ֆարմ Կրեդիտ Արմենիայի աշխատակիցներն այցելում են Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման համալսարանում անցկացվող ամառային դպրոց: Այս տարի ամառային դպրոցին մասնակցեցին երեք հոգի: ՖԿԱ-ի ԳԳՏ տեղակալ/Ֆինանսական տնօրեն Անի Սարգսյանը և ՖԿԱ-ի գլխավոր հաշվապահ Նելլի Կիրակոսյանը հուլիսի 7-12-ն ընկած ժամանակահատվածում մասնակցեցին "՛Միկրո և ՓՄՁ բանկային գործ" ամառային դպրոցին:

Դասընթացը ներառում էր միկրո և ՓՄՁ բանկային գործի, միկրոֆինանսական կազմակերպությունների (գյուղական և գյուղատնտեսական ֆինանսներ) ռիսկի և ֆինանսական կառավարման, միկրոապահովագրման և այլ թեմաների քննարկումներ: Որոշ դասընթացներ առաջարկվում էին ոչ պարտադիր հիմունքներով, որը մասնակիցներին հնարավորություն էր ընձեռում դասերն ընտրել ըստ իրենց նախասիրությունների և պահանջների:

Դասընթացները տվեցին ոչ միայն հիմնավոր գիտելիքներ, այլ նաև հնարավորություն ստեղծեցին մասնակիցների համար ներկայացնել իրենց կազմակերպություններն ու կապեր հաստատել հնարավոր համագործակցության համար: Բացի նշված առավելություններից ամառային դպրոցը նաև միջազգային փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն է:

Այս տարի Ֆրանկֆուրտ մեկնեց նաև ՖԿԱ-ի Մասիս Մասնաճյուղի կառավարիչ պարոն Արմեն Վարդանյանը: Պարոն Վարդանյանը Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման համալսարանում մասնակցեց բնակարանային ֆինանսավորման վերաբերյալ ամառային դպրոցին:

Դասընթացի ժամանակ քննարկվեցին բնակարանային ֆինանսավորման ոլորտին վերաբերող վերջին նորությունները: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ գործնական հմտություններ հիպոթեքային վարկավորման տրամադրման և տեղական շուկայի պահանջները բավարարելու համար նոր ծրագրերի ստեղծման վերաբերյալ: Դասընթացի քննարկման թեմաներն էին հիպոթեքային վարկավորման ենթակառուցվածքը (իրավական դաշտ, բնակարանային վարկավորման հիմունքներ, արտադրանքի հատկություններ և ընտրություն) և արժանի վարկառուների բնորոշումը:

ՖԿԱ-ն մեծ կարևորություն է տալիս իր աշխատակիցների վերապատրաստմանը, քանի որ դա թույլ է տալիս ունենալ պրոֆեսիոնալ աշխատակազմ՝ պատրաստ աշխատելու նորագույն տեխնոլոգիաներով: Մեր կոոպերատիվը՝ հավատարիմ իր արժեքներին, պրոֆեսիոնալիզմին, թիմային աշխատանքը կարևորելուն, պատրաստվում է շարունակել իր աշխատակիցներին դասընթացների ուղարկելու ավանդույթը, քանի որ վերապատրաստման գործընթացը պրոֆեսիոնալ և մրցակցային աշխատանքային թիմ ունենալու բաղադրիչներից մեկն է:

Վերադառնալ նախորդ էջ