"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրենի ուղերձն անդամ-փայատերերին

2014-05-06

Հարգելի անդամ - փայատերեր,

2014թ. մայիսի 13-ին մեկնարկում է մեր կազմակերպության՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»  ՈՒՎԿ ԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության միակ վարկային կոոպերատիվի տարեկան ընդհանուր ժողովը, որը այս տարի անց է կացվում տարածաշրջանային նիստերի սկզբունքով:

Տարեկան ընդհանուր ժողովն այս տարի առանձնահատուկ է նաև նրանով, որ բացի կատարված աշխատանքների հաշվետվությունից, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի և Տավուշի մարզերում մենք անց ենք կացնում նաև Դիտորդ Խորհրդի անդամների ընտրություններ:

Ֆարմ Կրեդիտի Դիտորդ Խորհուրդն այսօր կազմված է 9 անդամից, որոնցից 7-ը ընտրվում են տարածաշրջանային սկզբունքով անդամ փայատերերի կազմից, իսկ երկուսը նշանակվում են Խորհրդի կողմից իբրև անկախ, հրավիրված պրոֆեսիոնալ փորձագետներ:

Այս նշանակալից առիթով իմ խոսքն եմ ուղղում կոոպերատիվի անդամ-փայատերերին, գործող խորհրդի անդամներին և մեր աշխատակազմին:
Անցած յոթ տարիներից հետո մեր առաջընթացն ակնհայտ է: Մնալով մեր տեսլականին հավատարիմ` մեր ուրույն տեղն ենք զբաղեցնում ՀՀ վարկային կազմակերպությունների շարքում և գյուղական բիզնեսների վարկավորման սեգմենտում մեզ արդեն  ճանաչում են:

Թերևս նշենք միան մեկ ձեռքբերում՝ “Համաշխարհային Բանկի ՓՄՁ ֆինանսական հասանելիության” ծրագրի շրջանակում մենք երկրորդ տեղում ենք տրված վարկերի գումարով և քանակով, 7 միլիարդ երեք հարյուր հիսուն միլիոն դրամ, մոտ չորս հազար վարկառուներ:

Այս ընդհանուր ժողովին մենք ընդառաջ ենք գնում 1.050 միլիոն դրամ սեփական կապիտալով, վեց միլիարդ դրամից ավելի վարկային պորտֆելով և ամենակարևորը՝ հզորացած կազմով՝ 3850 փայատեր-անդամներով:

Աշխատակազմի և Դիտորդ խորհրդի ջանքերով, ամենօրյա հաստատակամ աշխատանքով հաղթահարելով մեր կոոպերատիվի կայացման ու իրականացվելիության նկատմամբ ի սկզբանե  շատերի մոտ առկա թերահավատությունն ու կասկածը, խանդն ու արգելքները,  այսօր վստահաբար առաջ ենք  շարժվում:

Վստահությունը գալիս է այն փաստի գիտակցումից, որ գյուղաբնակների վարկային կարիքները լավագույնս կարող է լուծել միայն ժողովրդի լայն խմբին պատկանող վարկային կոոպերատիվ կառույցը: Չափազանց կարևոր է, թե ընտրությունների արդյունքում մենք ինչպիսի նոր Դիտորդ խորհուրդ կձևավորենք:

Լինելով կոոպերատիվի ընդհանուր գործունեությունն իրականացնող, համակարգող մարմին, Դիտորդ Խորհուրդն առանցքային նշանակություն ունի կոոպերատիվի ռազմավարական նշանակության որոշումների կայացման և իրականացման գործում:

Դիտորդ խորհրդի յուրաքանչյուր անդամի դերն ու կարևորությունն արժևորվում է նրանց բանիմացությամբ, կոոպերատիվ արժեքներին նվիրվածությամբ և կոոպերատիվի առաջընթացի համար ծառայելու պատրաստակամությամբ:
Համաձայն մեր կանոնադրության` թեկնածություններ առաջադրող անվանակարգային հանձնաժողովը  բազմաթեկնածության կանոնադրական պահանջով յուրաքանչյուր մանդատի համար առաջադրել է մի քանի թեկնածուներ:

Ես Ձեզ կոչ եմ անում քվեատուփին մոտենալիս առաջնորդվել լավագույն թեկնածուին ընտրելու սկզբունքով: Ձայն տալ այն թեկնածուներին, ովքեր առավել ջանք, պատասխանատվություն, անաչառ դիրքորոշում, հոգատարություն, բարձր պրոֆեսիոնալիզմ, խորը գիտակցում կցուցաբերեն կոոպերատիվի կառավարման և զարգացման խնդիրներին:

Ավարտելով ուղերձս կցանկանայի շնորհակալություն հայտնել Դիտորդ Խորհրդում իրենց ժամկետն ավարտած խորհրդի անդամներ՝ Սերյոժա Հայրապետյանին, Աշոտ Զաքարյանին, Վահրամ Հարությունյանին, Նվեր Պողոսյանին, Գևորգ Միքաելյանին, Ռաֆիկ Օհանյանին:

Խորին հարգանքով և ապագայի նկատմամբ մեծ հավատով՝

Արմեն Գաբրիելյան
Գլխավոր գործադիր տնօրեն/ Նախագահ

 

Վերադառնալ նախորդ էջ