"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ ընդհանուր տարեկան ժողով 2014

2014-08-14

Ցանկացած կոոպերատիվ իր անդամների կողմից վերահսկվող ժողովրդավարական կազմակերպություն  է  և անդամ-փայատերերի շահագրգիռ, ակտիվ մասնակցությունը կառույցի քաղաքականության  ու ռազմավարության  մշակմանը, որոշումների կայացմանը ոչ միայն  շահառուների կանոնադրական պարտքն է, այլև հետագա հաջողությունների հուսալի գրավականը:Շուրջ մեկ ամիս՝ մայիսի 13-ից  մինչև հունիսի առաջին տասնօրյակը, հագեցած ժամանակացույցով  ընթացան  «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»  ՈւՎԿ  ԱԿ-ի  փայատերերի տարեկան ընդհանուր ժողովի տարածաշրջանային նիստերը հանրապետության  այն յոթ մարզերում, որտեղ կազմակերպությունն ունի մասնաճյուղեր կամ ներկայացուցչություն:Տարեկան ընդհանուր  ժողովն այս տարի առանձնահատուկ էր նրանով, որ իրականացված աշխատանքներից բացի` Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Տավուշի մարզերում  անցկացվեցին դիտորդ խորհրդի անդամների ընտրություններ: Համաձայն կազմակերպության կանոնադրության պահանջների` «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի տնօրինությունը  նախապես  իր անդամ-փայատերերին ծանուցել էր ժողովի օրակարգի, դիտորդ խորհրդի անդամության թեկնածուների, կազմակերպական հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Դիտորդ խորհուրդը կազմված է 9 անդամից,  որոնցից  7-ը ընտրվում են ըստ տարածաշրջանների՝ անդամ-փայատերերի կողմից, իսկ երկուսը նշանակվում են դիտորդ խորհրդի կողմից՝ իբրև  անկախ հրավիրյալ արհեստավարժ փորձագետներ: Քվեարկությանը  մասնակցելու էին  2014 թ. մարտի 14-ի դրությամբ հաստատված անդամ-փայատերերը: Ընտրություններին  առավելագույն մասնակցություն ապահովելու նպատակով  յուրաքանչյուր տարածաշրջանային նիստից հետո  կնքված քվեատուփերը  մնալու էին մարզային մասնաճյուղերում, որպեսզի այն անդամ-փայատերերը, ովքեր  չեն մասնակցել նիստերին և չեն քվեարկել այդ օրը, հնարավորություն ունենան  քսանօրյա  ժամկետում  քվեարկելու:

Նիստերի մեկնարկը տրվեց Արտաշատ քաղաքից, կազմակերպության թվով վեցերորդ մասնաճյուղի հանդիսավոր բացմամբ: Արարատի մարզում երկրորդ գրասենյակի (մյուսը Մասիս քաղաքում է) առկայությունը թելադրված է ժամանակի պահանջով և ենթադրում է ինչպես նոր շահառուների թվի ավելացում, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակական բարելավում:"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ  գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ  Արմեն Գաբրիելյանը, մասնաճյուղերում  շահառուների առջև հաշվետու ելույթի ընթացքում  համառոտ ներկայացնելով  կառույցի յոթամյա տարեգրությունը, նշեց, որ հարթ չի եղել կայացման ճանապարհը,  մրցակցային դաշտում  խոչընդոտները հաղթահարելիս ունեցել են թե բարեկամներ և թե  թերահավատներ: Լինելով ՀՀ-ում  միակ կոոպերատիվ վարկային կազմակերպությունը, որն իր գործունեությունը բացառապես ծավալում է հանրապետության մարզերում՝ 2007թ. 57 հայ ֆերմերների կողմից հիմնադրված,   ոմանց համար անհեռանկար, փխրուն կառույցը հասավ ակնհայտ ձեռքբերումների, առաջընթացի: Այսօր ՀՀ վարկային կազմակերպությունների  շարքում, մասնավորապես գյուղական բիզնեսի  վարկավորման սեգմենտում կառույցն արդեն ճանաչում և բարի համբավ ունի: «Համաշխարհային բանկի ՓՄՁ ֆինանսական  հասանելիություն» ծրագրի շրջանակներում, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն հանրապետությունում երկրորդն է տրված վարկերի գումարով և քանակով (7 միլիարդ  350 միլիոն ՀՀ դրամ, շուրջ 4000 վարկառուներ):  Միայն 2013 թ. ընդհանուր կապիտալը աճել է 21%-ով, կազմելով  955 միլիոն ՀՀ դրամ, վարկային պորտֆելը՝  33 %-ով և կազմել ավելի քան 5,2 միլիարդ ՀՀ դրամ: Միայն մեկ տարում  անդամ-փայատերերի թիվն ավելացել է 1041-ով: Իրականացվել է 14 ուսուցում՝ 76 մասնակիցներով: Նախորդ տարի գրանցվել է մեկ մասնաճյուղ,  երկուսը՝ ընթացիկ տարում,  և ներկայումս  գործում է 7 գրասենյակ:

Գործունեության աշխարհագրական և տիրույթների շարունակական ընդլայնումը  պայմանավորված է այն փաստով, որ գյուղաբնակների վարկային կարիքները լավագույնս կարող է լուծել միայն  ժողովրդի լայն խմբին պատկանող վարկային կոոպերատիվ կառույցը: Անդրադառնալով կոոպերատիվի որդեգրած սկզբունքներին՝ գլխավոր գործադիր տնօրենն առաջնահերթ համարեց անդամ–փայատերերի նախանձախնդիր համագործակցությունը, ակտիվ մասնակցությունը կոոպերատիվի զարգացմանը՝ նշելով, որ  ակնկալվող մարտահրավերները  հնարավոր է հաղթահարել միայն համախմբվածությամբ, ընդհանուր շահերի և  հետաքրքրությունների  գիտակցմամբ՝  «Խեղդվողների միակ փրկությունը  իրենց  ձեռքերում է» ասույթի տրամաբանությամբ: Կարևորելով  կոոպերատիվի ռազմավարական որոշումներ կայացնելու  և իրականացնելու գործում  դիտորդ խորհրդի դերակատարումը՝ նա հորդորեց  խելամիտ և ճիշտ ընտրություն կատարել՝ վստահելով  նրան, ով կարող է  պաշտպանել իրենց շահերը և իր դիրքորոշմամբ նպաստել կառույցի զարգացմանը:Տարեկան ժողովի օրակարգային հարցերն էին ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը, աուդիտի եզրակացությունը, ինչպես նաև որոշ ներքին իրավական ակտերի խմբագրված փոփոխությունները:

Համաձայն կանոնադրության`  թեկնածուներ առաջադրող անվանակարգային հանձնաժողովը բազմաթեկնածության կանոնադրական պահանջով յուրաքանչյուր մանդատի համար առաջադրել  էր  մի քանի թեկնածուների` հաշվի առնելով նրանց ակտիվությունը, անաչառությունը, պատասխանատվության  բարձր զգացումը, արհեստավարժությունը՝ նրանց անունները զետեղելով  անդամ-փայատերերին տրվող քվեաթերթիկներում: Պայմանավորվածության համաձայն, քվեներով երկրորդն ընտրվում է անվանակարգային նորընտիր հանձնաժողովի անդամ: Անդամ-փայատերերը պետք է իրենց մոտեցումն    արտահայտեին նաև կանոնադրական կապիտալի համալրման, դիտորդ խորհրդի  և անվանակարգային  հանձնաժողովի անդամների փոփոխված ընտրաժամկետների վերաբերյալ, դրույթներ, որոնք ևս ներառված էին  քվեաթերթիկում:   
Տարածաշրջանային բոլոր նիստերը  անցան սահուն ժամանակացույցով, առանձին նիստերի մասնակցեցին և ելույթ ունեցան դիտորդ խորհրդի անդամներ  Սերյոժա Հայրապետյանը (Սյունիքի մարզ), Աշոտ Զաքարյանը (Վայոց Ձորի մարզ), Ռաֆիկ Օհանյանը (Տավուշի մարզ), Ավետիք Ղուկասյանը  (Արագածոտնի մարզ)՝ հավաստիացնելով, որ  նորընտիր դիտորդ խորհրդի անդամները  ևս  կգործեն համախմբված թիմային ոգով՝ մշտապես իրենց տեսադաշտում պահելով կառույցի անդամ-փայատերերին հուզող հիմնահարցերը:
Մարզերը ներկայացնող դիտորդ խորհրդի անդամ թեկնածուները համառոտ ներկայացրին իրենց տնտեսական գործունեության շրջանակը, շնորհակալություն հայտնեցին վստահության համար և խոստացան ընտրվելու դեպքում չհիասթափեցնել կառույցի ղեկավարությանը, անդամ փայատերերին: 
Հերթական կենդանի, անմիջական շփումը «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ—տնօրինության, աշխատակազմի  պատասխանատուների հետ  հիանալի  առիթ էր վարկառուների համար քննարկելու ամենատարբեր  բնույթի հարցեր՝ շուկայի վերլուծություն, իրավական դաշտ, օրենսդրություն  և այլն,  ինչպես նաև դիմելու կոոպերատիվների ղեկավարներին,  դիտորդ խորհրդի անդամներին:
Ըստ հաշվիչ հաձնաժողովի 2014թ. հունիսի 16-ի նիստի արձանագրության՝ հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝  «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի  դիտորդ խորհրդի անդամներ են ընտրվել (չորս տարի ժամկետով)
Արարատի մարզից՝ Ավագ Ադամյան 
Արմավիրի մարզից՝ Արտավազդ Խաչատրյան
Սյունիքի մարզից՝ Սերյոժա Հայրապետյան
Վայոց  ձորի մարզից՝ Էդվարդ Պետրոսյան
Տավուշի մարցից՝ Ռաֆիկ Օհանյան
Կոտայքի մարզից՝ Գագիկ Զաքարյան
Հաշվի առնելով, որ Արագածոտնի մարզը ներկայացնող  դիտորդ խորհրդի անդամ Ավետիք Ղուկասյանի լիազորությունների ժամկետը դեռ չի ավարտվել՝ նա շարունակեց  մնալ դիտորդ խորհրդի կազմում:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ավարտվեց "Խելամիտ վարկավորում" քարոզարշավը

2015-02-10 Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՛՛Ֆարմ Կրեդիտ Արմենիա՛՛ վարկային կոոպերատիվն անցկացնում է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին

2015-02-10 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ի գլխավոր...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" – ն նշեց իր թվով 10-րդ գրասենյակի՝ "Մյասնիկյան" մասնաճյուղի բացումը

2015-02-10 Սեպտեմբերի 18-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության թվով...