Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն մասնակցեց Միկրոֆինանսավորման կենտրոնի 20-րդ տարեկան կոնֆերանսին

2017-06-04

Ընթացիկ տարվա մայիսի 24-ից 26-ը Սարաևո քաղաքում (Բոսնիա և Հերցեգովինա) կայացավ Միկրոֆինանսավորման կենտրոնի (ՄՖԿ)՝ "Հորիզոն 2037: Արդար ֆինանսներ բոլորի համար" խորագրով 20-րդ հերթական տարեկան համաժողովը, որին մասնակցում էր նաև ՄՖԿ անդամ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը: Ներկայացուցչական այդ համաժողովին հայկական կազմակերպությունը ներկայացնում էին Գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ Արմեն Գաբրիելյանը և Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/ֆինանսական տնօրեն Անի Սարգսյանը: Ի դեպ, Ա. Գաբրիելյանը 2015թ– ից ՄՖԿ Խորհրդի անդամ է և նրա ջանքերի շնորհիվ է, որ վարկային կոոպերատիվը գործուն մասնակցություն ունի նաև միկրոֆինանսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը:
Համաժողովի օրակարգում էին ֆինանսավորման ոլորտի՝ վերջին երկու տասնամյակի հիմնական միտումները և դրանց ազդեցությունը ոլորտի ապագա զարգացումների վրա: Համաժողովի կարևորագույն հարցն էր՝ արդյոք հնարավոր կլինի մինչև 2037թ. հասնել համաշխարհային մասշտաբի համապարփակ ֆինանսական ինտեգրացիայի՝ ընդլայնելով կառույցի գործունեության աշխարհագրությունը՝ շարժմանը ներգրավելով նոր երկրներ և կազմակերպություններ:
ՄՖԿ համաժողովի շրջանակներում այս տարի ևս "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվին շնորհվեց ամենամյա "Խելամիտ վարկավորում" միջազգային կրթական քարոզարշավի մասնակցության շնորհակալական հավաստագիր:  Հիշեցնենք, որ մեկ ամիս շարունակ հստակ ժամանակացույցով և հատուկ ընթացակարգով կազմակերպությունը մարզային ենթակա բոլոր մասաճյուղերում քարոզարշավի շրջանակներում հանդիպում է կառույցի անդամ-փայատերերի հետ և ինտերակտիվ  քննարկումներով ներկայացնում խելամիտ վարկավորման սկզբունքները: Ամենամյա քարոզարշավն իրականացվում է Միկրոֆինանսավորման կենտրոնի հովանու ներքո և խթանում է միջազգային չափանիշների համապատասխան հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությունը և ֆինանսական կրթվածությունը:
Միկրոֆինանսավորման կենտրոնը միավորում է Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի 33 երկրներից 105 կազմակերպություն (ներառյալ 77 միկրոֆինանսավորման կառույցներ), որոնք էլ իրենց հերթին սպասարկում են շուրջ 1,000,000 ցածր եկամուտ ունեցող հաճախորդների:

Վերադառնալ նախորդ էջ